Foto

Կառավարությունը բոլորի համար վերջին անգամ կսուբսիդավորի խմելու ջրի սակագինը

Գործադիրը հավանության արժանացրեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ կողմից ներկայացված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների վերանայման հարցը:

ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի ներկայացմամբ՝ օգոստոսի 7-ին «Վեոլիա Ջուրը» դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ խմելու ջրի մատակարարման ու ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագները վերանայելու հայտով, որով առաջարկվել էր 194,3 տասնորդական դրամ՝ ներառյալ ԱԱՀ, որն էլ ՀԾԿՀ-ի կողմից բավարարվել է:

«Սակագնի բարձրացմամբ բաժանորդների մոտ լրացուցիչ բեռ չառաջացնելու համար առաջարկվում է օպերատորի կողմից վճարվող վարձավճարների հաշվին «Վեոլիա Ջրին» տրամադրել սուբսիդիա՝ 2018-ի ընթացքում նախկին 180 դրամ սակագինը պահպանելու համար»,- ասաց Հարությունյանը:

Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց՝ ճի՞շտ է հասկանում, որ պետությունը սուբսիդավորում է բոլոր սպառողներին, ինչին Հարությունյանը դրական պատասխան տվեց:

«Այս որոշումն ընդունում ենք, բայց հետագա նման գործողությունների ժամանակ անհրաժեշտ է մշակել կարգ, որով մենք կսուբսիդավորենք միայն սոցիալապես խոցելի զանգվածին, ոչ թե բոլորին: Սա վերջին տարին է, որ մենք բոլորին սուբսիդավորում ենք»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Vesti.am