Բացարձակապես նորություն բացահայտած չենք լինի, եթե արդարացիորեն նկատենք, որ Հայաստանի տնտեսության՝ հատկապես վերջին տարիների ամենախոցելի կողմերից մեկն էլ դարձել է ինֆլյացիայի անկառավարելիությունը: Այսինքն,մի կողմից արդեն որերորդ տարին է` աշխատավարձերի ու թոշակների բարձրացում չլինելուն զուգահեռ վերելք են ապրում առաջին անհրաժեշտության ու ամենալայն սպառման ապրանքների գները: Հայաստանի տնտեսական վատթար վիճակի, ազգաբնակչության ցածր կենսամակարդակի հիմնական պատճառը հենց այս ցավալի երևույթն է:
Ի՞նչ են անում պետությունները նման պարագայում: Շատ պարզ բան` փորձում են բոլոր հնարավոր գործիքակազմերով խոչընդոտել գնաճն ու դրան զուգահեռ միջոցներ հայթայթել` աշխատավարձերն ու թոշակները բարձրացնելու համար:
Այս առումով, նկատենք, Հայաստանում վիճակն, իրոք, անհույս է: Բավական չէ` 2018-ի բյուջեով թոշակների ու աշխատավարձերի բարձրացում գործնականում չի նախատեսվում, դեռ մի բան էլ հայտնի չէ, թե ինչպես են պայքարելու անխուսափելի գնաճի դեմ և կամ պայքարելու են, թե ոչ: Համենայնդեպս` դատելով Կենտրոնական բանկում տիրող տրամադրությունններից` արդեն իսկ կարելի է ասել, որ գոնե այս կառույցն առաջիկայում մատը մատին չի տալու` ինչ-որ կերպ խոչընդոտելու ինֆլյացիային: Մասնավորապես` պարզվում է` ԿԲ խորհուրդը հերթական անգամ նպատակահարմար չի համարել վերանայել դրամավարկային քաղաքականության պայմանները. որոշվել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որն, ինչպես հայտնի է, ընթացիկ տարվա փետրվարից սահմանված է 6%։ Որպես սեփական քաղաքականության արդարացում բերվում է ԿԲ ձգտումը շարունակելու նախապատվությունը տալ իբր տնտեսական գործընթացների ակտիվացմանը, այլ ոչ թե գնաճի զսպմանը։
Թե հատկապես ինչն է Ջավադյանին նման լավատեսության հիմք տալիս, ուղղակի անհասկանալի է: Ի դեպ` լավատեսության մասին. այն, ինչպես պարզվում է, ԿԲ-ում բավական լուրջ ավելցուկ է տվել. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ներկայացնելով «2018 թվականի պետբյուջեի մասին օրենքի» նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը, Աժ-ում հայտարարել էր, թե 2018-ին կանխատեսվում է տնտեսության 4,5% իրական աճ: Ավելին` Ջավադյանը վստահություն էր հայտնել, թե 2018-ին բյուջեի դեֆիցիտի կրճատում կլինի` ՀՆԱ-ի 2.7%-ի չափով: Կարճ ասած` 2018-ին Հայաստանը վերածվելու է համաշխարհային բիզնես կենտրոնի ու, փաստորեն, հենց տնտեսական ակտիվությունը չխոչընդոտելու համար է, որ որոշում է ընդունվել վերաֆինասնավորման տոկոսադրույքը նույնը թողնել:
Հարց է առաջանում, որքանո՞վ են իրատեսական Ջավադյանի կանխատեսումները: Երբ 2017-ի սկզբներին որոշում էր ընդունվում վերաֆինասավորման տոկոսադրույքը բարձրացնելու մասին, ասում էին, թե դա խթանելու է Հայաստանում մասնավոր բիզնեսի ծաղկմանն, ու բոլորը շտապելու են ներդրումներ անել Հայաստանում, չփախչել երկրից: Ստացվեց այնպես, սակայն, որ ճիշտ հակառակ պատկերի ականատեսը դարձանք, ու նույն ՓՄՁ-ների թվաքանակը ոչ թե աճեց, այլ երկարաչափական պրոգրեսիայով անկում ապրեց: Ճիշտ է` միգուցե բանկերի կողմից տրվող վարկերի տոկոսադրույքներն ինչ-որ չափով նվազեցին, սակայն այդ հանգամանքը որևիցե կերպ չազդեց Հայաստանի տնտեսական աշխուժացման վրա: Ինչո՞ւ: Որովհետև միայն վարկերի տոկոսադրույքներն իջեցնելով, իսկ երկրում իշխող մթնոլորտը նույնը թողնելով, անհնար է տեղաշարժ արձանագրել, ու դրա համար հարկավոր է խաղի կանոններն ընդհանուր առմամբ վերանայել: Ստացվեց, որ հասարակ ժողովրդին բաժին հասավ միայն ինֆլյացիան, ու եթե նախկինում ասենք 20000 դրամով միջին վիճակագրական ընտանիքը մի քանի օր «յոլլա» էր գնում, ապա այսօր դրա գնողունակությունը էապես իջել է`վերածվելով չոր հացի փողի:
Այս ամենը մեկ բանի մասին է վկայում` քանի դեռ համապատասխան պետական մարմինները գործուն մեթոդներ չեն կիրառում` գնաճը գոնե կառավարելի դարձնելու, այն ինչ-որ կերպ մեղմելու համար, տնտեսական ակտիվության մասին ցանկացած խոսակցություն անհիմն ու հեքիաթային է թվում: Ավելին` քանի դեռ արտոնյալների կաստան Հայաստանում շարունակում է գոյություն ունենալ, այստեղ բիզնես ծավալելն ուղղակի շարունակելու է դատարկ զբաղմունք մնալ: Վստահաբար, եթե այսօր ինչ-որ հրաշքով բանկերն սկսեն անգամ 1%-ով էլ վարկեր տալ, շատ քչերն են շտապելու օգտվել այդ էքսկլյուզիվ առաջարկից` շատ լավ իմանալով Հայաստանում առկա իրականությունը:
Էռնեստ Ջանփոլադյան