Foto

ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կողմ կքվեարկեն 2018թ. պետբյուջեին, «Ծառուկյանը» և «Ելքը»՝ դեմ

ԱԺ-ում 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումներին ԱԺ խմբակցությունների անունից հնչեցին ելույթներ, ըստ որոնց՝ կողմ կքվեարկեն կոալիցիոն գործընկերները՝ «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը» և «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» և դեմ՝ «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները։

ՀՅԴ անունից ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ով վստահ է, որ առաջարկվող բյուջեն նման բարեփոխումների հիմք ստեղծում է:

«Մեր կարծիքով, որդեգրված՝ տնտեսական զարգացման հիմքեր ստեղծելու քաղաքականությունը, դրա արտահայտությունն է այս բյուջեն, այդ հեռանկարի իրատեսական առաջին քայլերից է: Բնականաբար, ՀՅԴ խմբակցությունը կողմ է քվեարկելու մեր կառավարության ներկայացրած բյուջեին»,-եզրափակեց նա:

«Ծառուկյան» խմբակցության անունից ելույթ ունեցավ ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը և հայտարարեց, որ մեր երկրում սոցիալական բևեռացումը մեծ է, տնտեսական վիճակը՝ վատ:

«Հիմա, հարգարժան կառավարություն, ուզում եք այս պայմաններում դասական ճշմարտությո՞ւն իրականացնել։ Չեք կարողանում հիվանդին ճիշտ բնորոշում տալ և դասագրքային լուծում եք առաջարկում»,-ասաց նա:

ՀՀԿ խմբակցության անունից խոսեց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը և նշեց, որ բյուջեի նախագիծն ուղղված է ստվերի կրճատմանը, գործարար միջավայրի հավասարության ապահովմանը:

«Համոզված եմ, որ բյուջեում արտացոլված ցուցանիշները բխում են ՀՀ կառավարության, ՀՀԿ-ի ծրագրից, իրատեսական են, ոչ մի թիվ շինծու չէ, և հիմքեր պետք է ստեղծենք հաջորդ տարիներին տնտեսական վիճակը բարելավելու համար»,-ասաց նա:

Vesti.am