Foto

Պետք է կրճատել այն աշխատատեղերը, որոնք անարդյունավետ սնվում են բյուջեից. նախարար

«Մենք չենք կարող մեր ազգաբնակչությանը խոստանալ, որ նվազագույն աշխատավարձը՝ որպես սոցիալական գործիք, բարձրացնում ենք, թոշակները բարձրացնում ենք, բայց ապագա տարիներին չունենանք բարձր տնտեսական աճ, հարկային եկամուտներ ու ներողություն խնդրենք՝ ասելով, որ չենք կարողանում վճարել ձեր աշխատավարձերն ու թոշակները: Որպես ֆինանսիստ՝ ես դեմ եմ, որ սոցիալական բնույթի հարցերը լուծվեն ի հաշիվ պարտքի»,-Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Անդրադառնալով մարդկանց կյանքի բարելավմանը, վերջինս նկատեց, որ եթե 2018-ին հաջողվի իրագործել Կառավարության ծրագրերը, ապա մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի աճ կլինի. «Այսօր արդեն իսկ սպառման աճ ենք արձանագրել, որը փաստում է՝ կարծես թե ճիշտ ուղու վրա ենք։ Սպառումը բնութագրում է, թե ինչպիսին է մարդկանց կենսամակարդակը։ Մարդը սկսում է ավելի շատ սպառել, եթե տվյալ պահին իր մոտ կա եկամուտների աճ և եթե ունի ակնկալիք, դրական սպասումներ ապագայի նկատմամբ», - շարունակեց Վարդան Արամյանը:

Ֆինանսների նախարարի խոսքով, երբ կառավարությունը գնում է կրճատումների ճանապարհով, քննադատություն է արժանանում, սակայն, ըստ նրա, պետք է կրճատել հանրային հատվածում այն աշխատատեղերը, որոնք անարդյունավետ սնվում են բյուջեից։

«Երբ գնում ենք օպտիմալացման, մեզ քննադատում են, որ աշխատատեղեր ենք վերանայում։ Բերեմ Ֆինանսների նախարարության օրինակը, որտեղ մենք ոչ թե վերանայել ենք մարդկանց, այլ աշխատատեղը, թե տվյալ աշխատատեղն ինչ ավելացված արժեք է ստեղծում մարդկության համար և արդյո՞ք ադեկվատ է, որ տվյալ աշխատատեղը սնվի հարկատուներից», -ընդգծեց Վարդան Արամյանը։

Vesti.am