Foto

Մեծամորի ատոմակայանը կգործի առնվազն մինչև 2027թ. Սերժ Սարգսյան

«Հայկական ատոմային էլեկտրակայանի փակման մասին քննարկումներն արհեստական են ու իրականության հետ որևէ առնչություն չունեն»: «РИА Новости»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

«ՀՀ կառավարությունը 2014-ի մարտին որոշում է կայացրել ՀԱԷԿ–ի շահագործման ժամկետների երկարացման վերաբերյալ: Գործարկման ժամկետի երկարացումը կիրականացվի ռուսական կողմից տրված 270 մլն դոլար վարկով և 30 մլն դոլար դրամաշնորհի հաշվին», - նշել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով` այժմ «Ռոսատոմ» պետական ընկերության հետ համատեղ շարունակվում են ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարացման ուղղությամբ աշխատանքները:

«Կարևոր է նշել, որ ատոմակայանը գործում է ՄԱԳԱՏԷ-ի բոլոր չափանիշներին համապատասխան և սա միջազգային մասնագետների եզրակացությունն է: Իրականացվում են աշխատանքներ անվտանգության բարձրացման ու արդիականացման ուղղությամբ: Այնպես որ, Մեծամորի ատոմակայանը կգործի առնվազն մինչև 2027-ը: Մենք կարծում ենք, որ մեր անվտանգության համար, առաջին հերթին էներգետիկ, ատոմային էներգետիկան միշտ լինելու է Հայաստանում», - ասել է Սերժ Սարգսյանը:

Vesti.am