Foto

ՀՀ նախագահի աշխատակազմի համար բյուջեով նախատեսված ծախսերը կիսով չափ կկրճատվեն

«Եթե այս տարվա բյուջեով ՀՀ նախագահի աշխատակազմի համար նախատեսված էր 4 մլրդ 880 մլն դրամ ընդհանուր ծախս, հաջորդ տարվա համար ծախսերի ընդհանուր գումարը կկազմի 2 մլրդ 381 դրամ»: Այդ մասին նոյեմբերի 1-ին «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ իր զեկույցում հայտարարեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը։

Նա նշեց, որ այդ փոփոխությունը պայմանավորված է Սահմանադրության փոփոխությամբ՝ համաձայն որի նախագահի գործառույթներն ու լիազորությունները սպառիչ են։

«2018-ի առաջին եռամսյակում առնվազն մինչև ապրիլի 9-ը գործող նախագահը լիարժեք իրականացնելու է գործող Սահմանադրությամբ ունեցած իրավունքները, ուստի մեր ֆինանսական ցուցանիշները հաշվի են առել այդ հանգամանքը»,-ասաց Արմեն Գևորգյանը։

Նա հայտնեց, որ լինելու են նաև փոփոխություններ ծրագրերի իրականացման հարցում և որոշակի ծրագրեր նախագահի մասով չի նախատեսվելու բյուջեում։

«Դրանք են, մասնավորապես, տեղեկատվական ՊՈԱԿ-ի գործունեության հիմնախնդիրները, որոնք ըստ էության անցնելու են արդեն կառավարության տիրույթ, պետական կառավարման ակադեմիայի հետ իրականացվող ծրագրերը, որոնք անցնելու են կառավարության տիրույթ։ Նախագահի աշխատակազմի համար նախատեսված չեն նաև շինարարության կամ հիմնանորոգման ծրագրերով միջոցներ։ Նախատեսված միջոցները հիմնականում պահպանման ծախսերի համար են՝ աշխատավարձ, գործուղումներ, ներկայացուցչական ծախսեր»,- ընդգծեց նախագահի աշխատակազմի ղեկավարը։

Vesti.am