Այն, որ 2018-ի վերաբերյալ լավատեսական կանխատեսումները չէին կարող իրատեսական լինել, որքան էլ ընթացիկ տարում այդ մասին փորձում էին անընդհատ բղավել իշխանություններն ու ժողովրդի շրջանում լավատեսական հույսեր արթնացնել, պարզ էր դեռ ամենասկզբից: Ցավոք, մենք ամենևին էլ հրաշքների երկրի բնակիչներ չենք, ու հասարակությունը շատ լավ գիտի, թե ի սկզբանե ինչ նպատակ են հետապնդում նրանք, ովքեր հաճախ միանգամայն անհիմն փորձում են դրական սպասելիքների մթնոլորտ ստեղծել:
Ասվածի լավագույն ապացույցն են դարձել, թերևս, 2018-ի պետական բյուջեի վերաբերյալ ընթացող նախնական քննարկումները, որոնց ընթացքում ամենատարբեր «ռանգի» պետական չինովնիկներից լսելի են դառնում բաներ, որոնք բնավ չեն խոսում փայլուն ապագայի մասին: Որ կողմից էլ 2018-ի բյուջեն դիտարկում ես, այն որևիցե կերպ «սոցիալական» չես կարող անվանել: Ճիշտ է` միգուցե ոմանք բյուջեի փաստացի ապասոցիալականացումը ջանում են բացատրել անդրկովկասյան տարածաշրջանում ներկայումս ստեղծված աշխարհաքաղաքական նրբագույն իրավիճակով, պատերազմի իրական վտանգով ու այդ հնարավոր պատերազմին պատրաստ լինելու պարտադրանքով (պաշտպանական ոլորտին հատկացված միջոցներն նախորդ տարվա համեմատությամբ աճել են մոտ 1/5-ով), սակայն ակնհայտ է, որ ցանկության դեպքում փող միանգամայն հնարավոր էր գտնել:
Մասնավորապես` այդպես էլ անհասկանալի է մնում մեր իշխանությունների վերաբերմունքը խոշոր հարկատուների նկատմամբ. պետությունն էլ «վարի» գնա, սրանց ոչ մի կերպ չեն կամենում մի քիչ նեղել ու ստիպել մի փոքր ավելի հարկ վճարել կամ, որ ավելի կարևոր է, դադարել հանդիսանալ ստվերային տնտեսության գլխավոր աղբյուր ու մի քիչ բարեխղճություն դրսևորել: Ասել կուզի 1.5 տրլիոնանոց բյուջե ունենալը կարող էր այնքան էլ մեծ երազանք չթվալ, եթե մենաշնորհատերերին վերևից ստիպեին մուծվել, ինչը, սակայն, չի արվել: Ենթադրելի է` իշխանությունների նման փափուկ կեցվածքը պայմանավորված է անցյալում մնացած ընտրություններով, երբ, ոչ մեկի համար գաղտնիք չէ, «տոկոս խփելու» ճանապարհին ոչնչի առաջ մարդիկ կանգ չառան, ու փողեր էր, որ բաժանվում էր: Պարզ է, որ այսքանից հետո որևէ մեկի «երեսը չի բռնելու» համապատասխաններին ինչ-որ բան ստիպել, իսկ արդյունքում` ոչ միայն պակաս բյուջե ենք ունենալու, այլև գործազրկության աճ, ինչի մասին Արամյանն արդեն հասցրել է «ավետել» ազգին: Իսկ երբ այս ամենին գումարում ես ինֆլյացիան (առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայում գրեթե կրկնակի գնաճ է առկա), ապա պարզ է դառնում, որ 2018-ին առավել քան երբևէ հասարակութունը ստիպված է լինելու է՛լ ավելի ամուր «ձգել գոտիները»: Արդեն որերորդ տարին է` Հայաստանում թոշակներն ու աշխատավարձերը չեն բարձրանում, ինչը, սակայն, ոչ մի կերպ չի կանխում գնաճը, որն ի դեպ, որոշ ապրանքատեսակների մասով տնտեսագիտորեն հիմնավորված չէ ու հիմնականում պայմանավորված է սուբյեկտիվ գործոններով (2018-ին կանխատեսվցում է 4% գնաճ):
Պակաս խնդրահարույց չէ նաև հակակոռուպցիոն պայքարի տրամաբանությունը, որն, ինչպես հայտնի է, մեզանում բավական պայմանական բնույթ է կրում: Դիցուք` հասարակության շրջանում «փողի կարասի» համարում ունեցող գերատեսչություններում աշխատավարձերը շարունակելու են մնալ բավական բարձր, ինչը Կառավարությունում փորձում են հիմնավորել պետական կառավարման որակն ամեն կերպ բարելավելու առողջ մղմամբ (ՊԵԿ-ում, օրինակ, միջին աշխատավարձը 300 հազարից ավելի է կազմում): Սա, թերևս, արդարացված կլիներ, եթե հանդիսանար կոռուպցիայի կանխարգելման իրական երաշխիք, սակայն ակնհայտ է, որ այս մեթոդն իրեն վաղուց սպառել է ու ապացուցել սեփական անարդյունավետությունը: Հարց է ծագում՝ ո՞րն է նման քաղաքականության բուն նպատակը…
Մինչդեռ մեկ բան հաստատ է` քանի դեռ ծայրից ծայր չի վերանայվել ներքին քաղաքականությունը, քանի դեռ արտոնյալների պակաս այս երկրում չկա, ու քանի դեռ չի գտնվում մեկը, ով կարգի կհրավիրեր խոշորներին ու կստիպեր գոնե կրիտիկական պահերին լինել պետության կողքին, Հայաստանում ոչինչ չի փախվելու, ու բյուջեն լցվելու է ոչ թե բարեխիղճ տնտեսվարողների հարկերով, այլ ժողովրդից կեղեքված միջոցների հաշվին. սա է ճշմարտությունը, որի աչքերին, սակայն, իշխանությունները կարծես չեն ցանկանում ուղիղ նայել:
Էռնեստ Ջանփոլադյան