Պետական պարտքի մարման բեռն ընկնած է պետական բյուջեի վրա, հետևաբար, պարտքը պատկանում է ցանկացած ՀՀ քաղաքացու, ով այս կամ այն կերպ հարկ է վճարում պետական բյուջե: Այսօր Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի «իր ուսերին» ունի պետության կողմից կուտակված լրացուցիչ շուրջ 1975 դոլար պարտք (հաշվարկն արված է պաշտոնական տվյալների հիման վրա` 2016 թ. դեկտեմբերի դրությամբ պարտքի չափը` մոտ 5,9 մլրդ դոլարը բաժանելով 2017 թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակի վրա, որը կազմում էր 2 մլն 986 հազար 500 մարդ): Այս դեպքում չորս հոգուց բաղկացած ընտանիքի համար այդ բեռը կկազմի 7900 դոլար` չհաշված տոկոսադրույքները:
2018թ. պետական բյուջեի նախագծով պետական պարտքը ՀՆԱ-ում նվազում է: Բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասաց, որ Հայաստանը երկու ցնցումների արդյունքում ունեցել է պետական պարտքի աճ ՀՆԱ-ում, դա եղել է 2009-ին, և 2014-2016 թվականներին: Նա նկատեց, որ հնարավոր չէ միանգամից աճը կանգնեցել, բայց կարելի է աճի տեմպերը նվազեցնել։ Կառավարության պարտքը անվանական աճում է, բայց ՀՆԱ-ի մեջ տոկոսով այդ պարտքը նվազում է: Նա նաև նշեց, որ նախագծով 2018 թվականին արտաքին պարտքը 43 տոկոսից իջեցնում ենք 41 տոկոսի։
Վերջին շրջանում շատ է խոսվում, թե մեր երկրի արտաքին պարտքը մտահոգիչ շեմին է, և արժութային կառավարումը պատշաճ չի իրականացվում: Պարտքի տեմպերն աճում են, իսկ պետական պահուստային ֆոնդը՝ նվազում: Ի՞նչ է իրականում տեղի ունենում: Եթե նախորդ տարվա հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4 մլրդ 680 մլն դոլար, ապա այս տարի այդ ցուցանիշը հատել է 5 մլրդ-ի սահմանը: Միայն նախորդ տարվա հունիս ամսվա ընթացքում պարտքն աճել է 50 մլն դոլարով: Այսպիսի տվյալներ է հրապարակել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Պետական պարտքի նման աճը, ըստ տնտեսագետների, պայմանավորված է արտաքին պարտքի աճով: Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2016-ը փակել ենք 3 մլրդ 785.3 մլն-ով: Այդ ընթացքում արտահանումը 1 մլրդ 69.1 մլն ԱՄՆ դոլարից հասել է 1 մլրդ 519.3 մլն-ի: Փաստորեն, արտաքին պարտքն աճել է շուրջ 140 տոկոսով, արտահանումը՝ մոտ 42 տոկոսով: ՀՀ պետական պարտքում այժմ լողացող տոկոսադրույքով պարտքը մոտ 17,5-18 տոկոս է կազմում ընդհանուր պարտքի մեջ և ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ խիստ կառավարելի է: Դրանք հիմնականում խոշոր դոնորներից ստացված վարկերն են՝ ներգրավված ՀԲ-ից և Ասիական զարգացման բանկից:
Բազմաթիվ երկրներ, այդ թվում` ամենազարգացածներն, ավելի մեծ ծավալի պարտք ունեն, բայց ողբերգությունն այն է, որ Հայաստանի արտաքին պարտքը՝ 2008-2017-ի ընթացքում ավելացել է մոտ 300%-ով, սակայն երկրի ՀՆԱ–ն չի աճել: Այս պարագայում մեզ դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների միջև ավելի ներդաշնակ քաղաքականություն է անհրաժեշտ: Այնպիսի տպավորություն է, որ համաձայնեցում անգամ չկա այս երկու քաղաքականությունների միջև: Իսկ եթե սա չկա, ուրեմն տնտեսական արդյունքները լինելու են անբավարար: Հայաստանին տրամադրվող վարկերի մեծ մասը փափուկ վարկեր են` ցածր տոկոսադրույքներով և սպասարկման երկարատև ժամկետներով: Դրանց արդյունավետ օգտագործման պարագայում հնարավոր է հրաշալի արդյունքներ ունենալ: Սակայն Հայաստանում դրանք օգտագործվում են խիստ անարդյունավետ: Օրինակ` վարկեր են տրամադրվել, դիցուք, դատական համակարգի բարեփոխման համար: Դրանք ծախսվել են ճոխ շենքեր կառուցելու համար, սակայն դատարանները չեն դարձել ավելի ազատ ու արդար: Իսկ կոռումպացված դատարանները երաշխիք են, որ երկիրն ընդհանրապես և տնտեսությունը, մասնավորապես, չզարգանան: Բոլոր իմաստներով կարելի է արձանագրել, որ ներգրավված վարկերը խիստ անարդյունավետ են օգտագործվում, ինչը պայմանավորված է բարեփոխումների իսպառ բացակայությամբ:
Այն, որ Հայաստանի տնտեսական կարևորագույն գերխնդիրներից մեկն էլ երկրի արտաքին պարտքի`ամիս առ ամիս երկրաչափական պրոգրեսիայով մեծացումն է եղել երկար տարիներ շարունակ, ոչ մեկի համար գաղտնիք չէ: Եվս մեկ-երկու տարի նման տեմպերով, և Հայաստանը կհատի այն սահմանագիծը, որից անդին ֆինանսատնտեսական կրախն է: «Fitch Ratings» միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի իր հերթական դիտարկման մեջ կանխատեսել է, որ Հայաստանի պետական պարտքը 2018-ին կաճի մինչև 64,4%: Իսկ երբ այս ողբերգական վիճակագրությունը համեմում ես տնտեսական անկման մասին փաստող ցուցանիշներով, ակնհայտ է դառնում, որ մեզ որևէ դեպքում լավ բան չի սպասվում: Ըստ ԱՎԾ-ի` այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների դրությամբ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 1.6%։ Մինչդեռ, հունվար-օգոստոսին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 2.4 %։
Այսքանից հետո մի շատ բնական հարց է առաջ գալիս` ինչո՞ւմ է կայանում նախարարի լավատեսությունը և ի՞նչ անել` խուսափելու համար վերահաս աղետից: Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակից ելք կարող էր լինել Հայաստանի արտաքին պարտքի բեռը գոնե որոշակի ժամանակով ավելացնելուց հրաժարվելը, այսինքն` այլևս պարտք չվերցնել ու փորձել խնդիրները լուծել ներքին ռեսուրսների հաշվին, որոնք, դատելով Հայաստանում առկա ստվերի մեծ տոկոսայնությունից, պետք է որ բավարարեին գոնե միառժամանակ սեփական հաշվին ապրելուն:
Լիաննա Ավետյան