Foto

Գործարար միջավայրի վերաբերյալ բարեփոխումների մի մասը մնում է թղթի վրա. Կարեն Կարապետյան

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է գործարար միջավայրի բարելավմանը:

Նա նշել է, որ 2017 թվականին ծրագրավորվել և ընթացքում են գտնվել մի շարք միջոցառումներ՝ ուղղված ոլորտի բարելավմանը:

«Օրենսդրական գործնական միջոցառումներից մի քանիսը իրագործվել են, սակայն հասարակության որոշ հատված դրանց մասին տեղեկացված չէ, որոշ գործարարների դրանք պատշաճ ներկայացված չեն, գրանցվել են սպասարկման որակի խնդիրներ և այլն: Պարզ վերլուծությունը ցույց է տալիս, որ պատճառը հստակ է՝ բարեփոխումների ոչ միայն ծրագրումը, այլև դրանց հետևողական իրականացումը, նոր հնարավորությունների մասին գործարարներին պարբերաբար ծանուցումը, սիստեմատիկ հետադարձ կապի ապահովումը, նոր տեխնոլոգիաների կիրառմանը խստորեն հետևելը բերում է լիարժեք փոփոխության: Այսինքն անհրաժեշտ է և ուղղակի պարտադիր է մշակված քաղաքականության մշտական հետևողական մոնիթորինգը»,-ասել է նա:

Վարչապետը նշել է՝ անհրաժեշտ է, որ ՀՀ քաղաքացին լիարժեք օգտվի արդեն իսկ ընձեռված բոլոր հնարավորություններից, հարկերի վրա ավելի քիչ ժամանակ ծախսի, տեղականքների համար չհասնի պատկան գրասենյակներ և այլ:

Կարեն Կարապետյանը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հանձնարարեց համագործակցելով Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ երկշաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկտ միջոցառումների փաստացի, ոչ թե փաստաթղթային իրագործման, գործարար աշխարհում դրանց տարանցման օբյեկտիվ ցուցիչների կազմման և մոնիթորինգի համակարգի գործարկման վերաբերյալ: «Ես խնդրել եմ պարոն Գաբրիելյանին մոտ օրերս կազմակերպել խորհրդակցություն, քանի որ մտավախություն ունենք, որ բարեփոխումների մի մասը մնում է թղթի վրա, հանձնարարականները մնում են տեղերում, իրագործվում մասամբ կամ ոչ լիարժեք, կամ յուրաքանչյուրը մեկնաբանում է իր պատկերացրածով՝ դա ոնց պետք է կատարվի»,-ասել է նա:

Vesti.am