Foto

Ի վերջո ո՞ր վարչապետն էր ճիշտ՝ ՀՀ, թե ՌԴ. Թանդիլյան

 ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նշեց, որ երեկ տեղի ունեցած ՀՀ և ՌԴ վարչապետների հանդիպման ժամանակ, անդրադառնալով երկու երկրների ապրանքաշրջանառությանը, Կարեն Կարապետյանը նշել էր, որ այն աճել է 23 տոկոսով, ինչին  Դմիտրի Մեդվեդևը հակադարձել է, ասելով, որ իր թվերն ավելի մեծ են՝ 30 տոկոս:

«Թվում է, թե տարբերությունն ընդամենը 7 տոկոս է, սակայն դա այդպես չէ: Այստեղ սխալի տոկոսը 30 է: Ուզում եմ հասկանալ, ի վերջո ո՞ր վարչապետն էր ճիշտ՝ ՀՀ, թե ՌԴ»,-հետաքրքրվեց պատգամավորը:

Հարցին պատասխանեց ՀՀ  փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը և նշեց, որ այդ պատասխանները հնչել են երեկ՝ հեկտեմբերի 24-ին, որի մասին գրավոր տեղեկանք կտրամադրվի:

Թանդիլյանը հարցրեց, թե ինչու են տարբերվում տեղեկատվության աղբյուրները, որին ի պատասխան Գաբրիելյանը նշեց. «Հայաստանի և ցանկացած այլ երկրի տեղեկատվության աղբյուրներն ունեն տարընթերցումներ այդ տեսակետից: Աշխարհում մշտապես արտահանման քանակությունն ավելի շատ է, քան ներմուծմանը. դա ասում եմ համաշխարհային վիճակագրության տեսքով: Եթե համաշխարհային տնտեսության բոլոր ներմուծումները և արտահանումները գումարում ենք, տեսականորեն   պետք է ստացվի հավասար թիվ, սակայն երբևէ այդպես չի լինում: Որոշակի խնդիրներ կան արտահանման և ներմուծման վիճակագրական տվյալների հետ»:

«Տարօրինակ է, որ երկու վարչապետները նույն թեմայի մասին խոսում են և օգտվում տարբեր աղբյուրներից»,-նկատեց պատգամավորը:

Գաբրիելյանն էլ արձագանքեց, որ ամեն երկրի վարչապետ հենվում է իր երկրի վիճակագրական ծառայության տվյալների վրա:

Vesti.am