Foto

Շինարարությունը մեռա՞վ… Չարդարացված սպասում 1

Կառավարության այս տարվա ծրագրով շինարարությունը համարվել է գերակա ոլորտ: Գործադիրը պարտավորվել է ապահովել հանրապետությունում քաղաքաշինական-ներդրումային ծրագրերի իրականացում՝ շինարարության խթանման համար: Նույն այդ կառավարության կանխատեսմամբ շինարարության ոլորտում արդեն այս տարվա հոկտեմբերին պետք է մոտենայինք այն ցուցանիշին, որը լրացնելու էր նախորդ տարվա տեմպերն ու տարվա կտրվածքով ունենայինք աճ: Սակայն այսօր իրականությունն այլ է:

Մեր տնտեսության վիճակը նկարագրող պաշտոնական վիճակագրությունն արդեն երկու ամիս անընդմեջ տխուր թվեր է հրապարակում: Երեկ հրապարակվեց այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրված օպերատիվ տվյալները. դրանցից պարզ է դառնում, որ  տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) աճի տեմպը 2.5 անգամ նվազել է տարվա առաջին 7 ամիսների համեմատ:

Ըստ այդմ, բացասական ցուցանիշներ են գրանցվել երկրի տնտեսության համար առանցքային մի շարք ոլորտներում, որոնց պատճառները կքննարկենք առաջիկա հրապարակումներում: Այսօր անդրադառնանք շինարարությանը:

Ամսեամիս երկրի տնտեսության համար կարևոր ճյուղերից մեկի՝ շինարարության ծավալները շարունակում են նվազել: Հունվար-սեպտեմբերին շինարարության անկումը տարեկան կտրվածքով կազմել է 6,4 տոկոս։ Ճիշտ է, սեպտեմբերի հաշվետվությամբ դիտվել է շինարարական ծավալների խորհրդանշական աճ (1,3 տոկոս), սակայն դա կարելի է պարզապես բացառություն համարել, քանի որ մինչ այդ էլ այն մինուսով էր։

Շինարարությունը սովորաբար համարվում է տնտեսական վիճակի հայելին։ Այսինքն, եթե տնտեսությունն աշխույժ է, շինարարությունն էլ է աշխույժ։ Չնայած անցած 6-7 տարիներին Հայաստանում պարբերաբար ներկայացվել են տնտեսական «պլպլացրած» ցուցանիշներ, շինարարության ոլորտը այդպես էլ ուշքի չի եկել։ Իսկ դա նշանակում է, որ տնտեսական մյուս ցուցանիշները նույնպես արհեստականորեն «պլպլացվել» են, կամ պարզ ասած՝ նկարվել են։ Շինարարության մասին խոսելիս պետք է հաշվի առնել, որ այն կապված է արտաքին կամ ներքին, պետական կամ մասնավոր ներդրումների հետ: Անկման օբյեկտիվ պատճառը թերևս այն է, որ օտարերկրյա ներդրումների ներհոսքի էական նվազում է տեղի ունեցել: Բացի այդ, զգալի կերպով էժանացել է նաև անշարժ գույքի շուկան: Այս պայմաններում սովորաբար դժվար է ակնկալել շինարարության ծավալների ակտիվացում. նման դեպքերում հակառակ երևույթն է տեղի ունենում։ Գների անկումը թուլացնում է ոլորտի ներդրումային հետաքրքրությունները, ինչն էլ բացասաբար է ազդում անշարժ գույքի, մասնավորապես բնակարանային շուկայի հետ կապված շինարարության ծավալների վրա։ Մինչև վերջերս անշարժ գույքի շուկայում արձանագրվող նույնիսկ գնաճի պայմաններում շինարարությունը Հայաստանում անկում էր ապրում։ Այնպես որ, նախորդ մի քանի ամիսների դրսևորումները հիմք են տալիս ենթադրելու, որ առաջիկայում այդ միտումները կարող են խորանալ։

Տարեսկզբի հինգ ամիսներին Հայաստանում ավելի քան 12 տոկոսով քիչ կապիտալ շինարարություն է իրականացվել։ Նվազել են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին աղբյուրների հաշվին ոլորտում կատարվող կապիտալ ծախսերը։

Պաշտոնական տվյալներով, պետական բյուջեի հաշվին իրականացվող շինարարության ծավալը կրճատվել է 23 տոկոսով։ Բյուջեի հատկացումներն այս ոլորտում նվազել են՝ պայմանավորված նախորդ տարվա համեմատ նախատեսված ծախսերի սահմանափակմամբ։ Ինչպես հայտնի է, բյուջեի դեֆիցիտի կրճատման նպատակով դուրս մնացին առաջին հերթին կապիտալ ծախսերը, որոնց մի մասը կառավարությունը մտադիր է վերականգնել՝ հարկային հավելյալ եկամուտների ապահովման հաշվին։

Մակրոտնտեսական գնահատական կամ տնտեսական միջավայրի գնահատական տալու առումով շինարարությունն ինդիկատոր է: Եթե շինարարության աճ չկա, եթե նոր, հիմնական կառույցների գործարկում չկա, դա նշանակում է, որ երկրում ներդրումային վիճակը և կապիտալի կուտակման խնդիրները վտանգավոր սահմանների են հասել: Ի՞նչ է սա նշանակում. տնտեսագիտորեն ասած` ընդլայնված վերարտադրության կասեցում: Շինարարության ցուցանիշի նվազումը ևս մեկ ապացույց է, որ մարդիկ ուղղակի ապագայի նկատմամբ կասկածներ ունեն և իրենց միջոցներն օգտագործում են ոչ թե ապագային միտված ծրագրեր իրականացնելու համար, այլ ընդամենը այդ գումարները ծառայեցնում են իրենց առօրյա խնդիրները լուծելուն: Այսինքն`այն գումարը, որ մարդիկ կարողանում են մի կերպ վաստակել իրենց ամենօրյա դժվարին աշխատանքի շնորհիվ բավարարում է ընդամենը ընտանիքի մինիմալ պահանջներին, այդ գումարները հիմնականում ուղղվում են սննդամթերքի գնման կամ խիստ անհրաժեշտ կոմունալ ծախսերի վճարման համար:

Փաստորեն, կառավարությանն այդպես էլ չի հաջողվում վերականգնել շինոլորտը։ Մյուս կողմից՝ շինոլորտի անկումը կառավարությանը ձեռնտու է, քանի որ ոլորտի անկումը բերում է դրա տեսակարար կշռի նվազմանը ՀՆԱ-ում, ինչը նրան հնարավորություն կտա հայտարարել տնտեսության դիվերսիֆիկացման մասին:

Էմմա Կիրակոսյան