ԱԺ-ն այսօր քվեարկության դրեց ՀՀ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վարդան Բոստանջյանի, Վահե Էնֆիաջյանի, Շաքե Իսայանի և Գևորգ Պետրոսյանի կողմից ներկայացված «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը» ԱԺ 6-րդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին հարցը:
ԱԺ գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացություն ստացած ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի համահեղինակ Միքայել Մելքումյանը նշեց, որ պետք է փոքր և միջին բիզնեսին հնարավորություն տրվի, որպեսզի երկարատև կայուն որոշակիություն ունենա՝ փոքրը դառնա միջին, միջինը՝ խոշոր:
«Դուք հիշում եք, որ երկու տարի առաջ՝ 2015 թվականի հուլիսի 1-ից մանր և միջին շրջհարկով աշխատող շուրջ 60 հազար սուբյեկտների համար շրջանառությանը շեմը 58,35մլն դրամից բարձրացվեց 115մլն-ի: Թե դա ինչ շարժառիթներով և ինչ հիմունքներով արվեց, հիմա չեմ ուզում ասել, բոլորս էլ լավ հասկանում ենք, որ խնդիր էր դրված ամբողջ շղթան փաստաթղթավորել, որի արդյունքում ենթադրվում էր, որ փոքր և միջին սուբյեկտների շրջանառությունն աճելու էր: Անցել է երկու տարի և պետք է փաստել, որ կան սուբյեկտներ, որոնց շրջանառությունն իսկապես աճել է, նրանք ազնվորեն իրենց գործն են կատարում, և կա մի մեծ մաս, որոնց շրջանառությունը համարժեք չի աճում: Կան բացասական ազդակներ, որոնք ցույց են տալիս, որ շրջանառության համարժեք չաճելը լուրջ հիմնախնդիրներ ունի»,-ասաց Մելքումյանը:
Պատգամավորը հավելեց՝ եթե հիմա արգելակենք, որ 2019 թվականի հունվարի մեկից այն նորից իջնելու է, ապա բացասական սպասումները բերելու են նրան, որ ինքը փորձելու է տեղավորվել այն ստատուս քվոյում, ինչ որ ունի: Կարծում ենք, որ երկու տարին քիչ է, պետք է 4-5 տարի լինի, որպեսզի զարգացման տենդենցը տեսնենք: Միևնույն է, փաստաթղթավորումը պետք է կայանա»,- նկատեց պատգամավորը՝ հորդորելով դրական քվեարկել նախագծին:
Գլխադասային հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը մատնացույց արեց ձեռքի տակ եղած տվյալները, ըստ որոնց 2015 թվականի առաջին կիսամյակի վերջում շրջանառության հարկի ոլորտում աշխատել է 53190 սուբյեկտ, երկուսուկես տարի հետո կա 54624, այսինքն շրջանառությամբ տնտեսվարողների քանակը կազմում է 0.7 տոկոս: Ընդ որում, աճել է ոչ թե 50-58 մլն շրջանառություն ունեցողների քանակը, թվում էր, երբ շեմը բարձրացնում ենք, նրանք պետք է հատեին այդ շեմը, սակայն թիվը նույնն է մնացել, իսկ ավելի շրջանառության հարկ ունեցողների քանակն ավելացել է ԱԱՀ-ի դաշտում աշխատողների տրոհման շնորհիվ: Հասկանալով այս ամենը, որ երկու տարին բավարար չէր համապատասխան եզրակացություն անելու համար, ես առաջարկել եմ օրենսդրության նախաձեռնության հեղինակներին հետ կանչել օրենսդրական նախաձեռնությունը և մեկ տարի էլ ուսումնասիրել: Իմ գործընկերները հրաժարվեցին, ասելով՝ կա՛մ այսօր, կա՛մ երբեք: Դրա համար մենք ստիպված ընդունեցինք այն փաստերը, որ կան մեր ձեռքում, և հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց»,-ասաց Հարությունյանը:
Վարման կարգով ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը և հորդորեց, անկախ նրանից, թե քննարկման արդյունքում ինչ որոշում կկայացվի, կողմ քվեարկել նախագծին:
«Սա քաղաքական փոքրամասնության կարևոր գործիքներից է, որպեսզի իր ձայնը լսելի դարձնի»,-նշեց նա:
Որոշմանը կողմ քվեարկեց 35, դեմ 47, ձեռնպահ 6 պատգամավոր: Որոշումը չընդունվեց:
Vesti.am