«Երբ կանգնած ես պատվո հարթակին, հատկապես առաջին աստիճանին, և հնչում է քո երկրի օրհներգը, աննկարագրելի զգացողություններ ես ունենում»,- «Զվարթնոց» օդանավակայանում ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է ծանրամարտի Մ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Գոռ Մինասյանը (105+ կգ):
Ծանրորդը նշել է, որ հատկապես հաճելի էր փոքր ոսկե մեդալ նվաճել հրում վարժությունում.
«Մոտ չորս տարի չէր հաջողվում դա անել, այնպես որ այստեղ էլ նոր զգացողություններ ունեցա: Միշտ հաճելի է գիտակցել, որ լավ գործ ես արել երկրիդ համար, և քո պատվին բարձրանում է դրոշը և հնչում հայրենիքի օրհներգը»,-նշել է նորընծա չեմպիոնը:
Գոռ Մինասյանը ընդգծել է նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ անձամբ օդանավակայան գալու և ծանրորդների թիմին դիմավորելու կարևորությունը.
«Մշտապես ցուցաբերվող ուշադրությունը պարոն Ծառուկյանի կողմից, անձամբ ինձ շատ է ոգևորում և խթան է, որ շարունակեմ համառորեն մարզվել և հասնել նոր հաղթանակների», - ասել է Գոռ Մինասյանը:









