Foto

Սիրիայի դեսպանն առաջարկել է Դամասկոսում կազմակերպել հայ-սիրիական միջկառավարական համատեղ նիստ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին` գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով, տեղեկացնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Շնորհավորելով հյուրին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ` նախարարը Իգնատի Առաքելյանը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-սիրիական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել և զարգանալ: Շնորհակալություն հայտնելով Հայաստանի կառավարությանը ցուցաբերած աջակցության համար` դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմն ընդգծել է, որ Սիրիան հայկական կողմի հետ հետագա փոխգործակցությունը նախատեսում իրականացնել թե' պետական, և թե' մասնավոր հատվածի ներգրավմամբ: Հայաստանի հետ համագործակցությունն առավել ամուր հիմքերի վրա դնելու և ընդլայնելու նպատակով Սիրիայի դեսպանն առաջարկել է առաջիկայում Դամասկոսում կազմակերպել հայ-սիրիական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը, որը նախորդ անգամ անց է կացվել 2009 թվականին Երևանում: Դեսպանը վստահություն է հայտնել, որ համատեղ հանձնաժողովի շրջանակներում հնարավոր է ծավալել փոխշահավետ գործունեություն: