Foto

Թաեքվոնդոիստները պատրաստվում են Եվրոպայի երիտասարդական առաջնությանը

Նոյեմբերի 2-ից 5-ը Կիպրոսի Լարնակա քաղաքում կանցկացվի Եվրոպայի երիտասարդական (Մ 17) առաջնությունը: Ավագ մարզիչ Զորայր Մեկինյանի գլխավորությամբ մայրցամաքի առաջնությունում հանդես կգան Լևոն Գասպարյանը (48 կգ), Բաբկեն Սարգսյանը (51 կգ), Սուրեն Այդինյանը (55 կգ), Ռոման Հայրապետովը (59 կգ), Ալբերտ Հովհաննիսյանը (63 կգ), Անդրանիկ Խաչատրյանը (68 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (73 կգ):

Ինչպես տեղեկանում ենք ՀԱՕԿ լրատվականից, Հայաստանի հավաքականը մրցավայր կմեկնի հոկտեմբերի 30-ին: Մինչև Եվրոպայի առաջնությունը մեր թաեքվոնդոիստները կենտրոնացված մարզումներ են անցկացնում «Դինամոյում»: Մասնագետների կարծիքով, հայաստանցի մարզիկներն ընդունակ են պայքարելու մեդալների համար գրեթե բոլոր քաշային կարգերում:

Մայրցամաքի առաջնության մեկնարկից առաջ «Դինամո» ՄՀԿ-ում կայացավ թաեքվոնդոյի «Արմար» ակումբի բաց առաջնությունը, որին մասնակցեց 8-ից 18 տարեկան մոտ 180 մարզիկ Երևանից, հանրապետության մարզերից և Արցախից:

«Պաշտոնական միջազգային մրցաշարեր անցկացվում են 13 և բարձր տարիքային խմբի մարզիկների համար, այդ պատճառով կազմակերպում ենք ակումբային մակարդակի մրցաշարեր պատանի մարզիկների համար: Նրանց համար, փաստորեն, սա Հայաստանի ոչ պաշտոնական առաջնություն է, իսկ ավագ տարիքի թաեքվոնդոիստները լրացուցիչ մրցաշարային փորձ են ձեռք բերում»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի փոխնախագահ և գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանը: