Հոկտեմբերի 18-ին, Երևանի Արամ Խաչատրյան փողոցի բակերից մեկում փակցվել էր մի պաստառ, որում գրված էր. «Սույն թվականի հոկտեմբերի 16-ից Երևան քաղաքի բոլոր բակերում կատարվել են կարմիր գծանշումներ և բակային հատվածներում ավտոմեքենաների կայանումը դառնալու է վճարովի»:
Vesti.am-ը տեղեկատվության իսկությունը ճշտելու համար գրավոր հարցմամբ դիմել էր Երևանի քաղաքապետարան, ինչին քաղաքապետարանից պաասխանել էին, թե տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
«Ի պատասխան Երևանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցման տեղեկացնում ենք, որ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն օրենքի դրույթները տարածվում են միայն համայնքի ավագանու կողմից սահմանված` համայնքային սեփականությունը հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ` բակային տարածքների, (...) կազմակերպված վճարովի ավտոկայանատեղերում (...) ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը (...) կայանելու դեպքում ծագած հարաբերությունների վրա:
Ավելին, Երևան քաղաքի ավագանու՝ 25.12.2012 թվականի «Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղեր կազմակերպելու մասին» հ. 561-Ն որոշման 1-ին կետով որոշվել է Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում կազմակերպել ավտոկայանատեղեր` համաձայն հավելվածի, որում ընդհանրապես բացակայում է նշում բակային տարածքների վերաբերյալ, քանի որ, ինչպես արդեն նշվել է նախորդ պարբերությամբ, բակային տարածքներում վճարովի կայանատեղերի կազմակերպում օրենքով նախատեսված չէ:
Ելնելով վերոգրյալից՝ տեղեկացնում ենք, որ հարցմանը կից լուսանկարում պատկերվածը չի համապատասխանում իրականությանն ու հանդիսանում է ապատեղեկատվություն»:
Vesti.am