Վերջերս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդակցություն էր անցկացրել բանկային համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ. քննարկվել էին մի շատ կարևոր խնդիր` վարկերի տոկոսադրույքների խնդիրը: «Մենք հստակ հայտարարելու ենք, որ պետությունն իր մասնաբաժինն է ունենալու և սուբսիդավորելու է գերակա ոլորտների վարկային տոկոսները: Խոսքը վերաբերում է գյուղատնտեսությանը, թեթև արդյունաբերությանը, կաշվի վերամշակմանը, կոշիկի արտադրությանը, գորգագործությանը, ինչպես նաև արտահանմանը»,- խորհրդակցության ժամանակ ասել է վարչապետը: Այս ուղղություններով գյուղնախարարությունը մշակել է ֆինանսավորման հայտանիշներ, բանաձևեր: Ըստ դրանց՝ վարկի մարման առաջին երկու տարում պետությունը կանգնելու է գյուղացու կողքին և սուբսիդավորելու է վարկի տոկոսագումարի գերիշխող մասը՝ 70-80 տոկոսը:
Այն որ Հայաստանում վարկերը թանկ են, այսինքն տոկոսադրույքները բարձր են, որևէ մեկի համար նորություն չէ: Տոկոսադրույքների նվազեցումն անհրաժեշտ է մասնավորապես գյուղատնտեսության զարգացման համար, որն այսօր մեղմ ասած վատ վիճակում է: Անհրաժեշտ պայման է, բայց բնավ էլ ոչ բավարար: Թանկ վարկերը մեր գյուղատնտեսության զարգացումը դանդաղեցնող բազմաթիվ պատճառներից մեկն են միայն: Մյուս բոլոր պատճառները չվերացնելու դեպքում վարկերի սուբսիդավորումը կհանգեցնի նրան, որ բյուջետային միջոցները ընդհամենը կփոշիանան: Ու դա կանխատեսելը այնքան էլ դժվար չէ, եթե գիտենք մեր գյուղատնտեսության «կառուցվածքը»:
Գյուղատնտեսությունում անչափ մեծ է մասշտաբի էֆեկտը: Գյուղացին, որն ունի մեկ-երկու հեկտար հող՝ այդ հողը և իր ողջ ունեցվածքը գրավ դնելու պարագայում կստանա շատ փոքր վարկ: Այդ վարկը, իհարկե, չի բավարարելու նորագույն գերարդյունավետ տեխնոլոգիա ներդնելու և մեծ արդյունք ստանալու համար: Այս պարագայում գյուղացուն այլ բան չի մնա, քան ընտրել ավանդական ճանապարհը ու այդ վարկը օգտագործել պարարտանյութեր գնելու կամ տեխնիկա վարձելու համար: Ու եթե նույնիսկ եղանակային պայմանները բարեհաճ գտնվեն, գյուղացին ստանալու է այնքան բերք, որ հազիվ իր առօրեական հոգսերը հոգա՝ նա զարգանալու, ընդլայնվելու ու իր տնտեսությունը արդիականացնելու հնարավորություն միևնույն է, չի ունենալու: Եվ այստեղ վարկի տոկոսադրույքի ցածր լինելն այնքան էական դեր չի խաղալու: Կառավարությունը կարո՞ղ է ասել, ի՞նչ տարբերություն, գյուղացին իր 5 հազար դոլարի վարկը ստացել է 16 տոկոսո՞վ, թե՞, ասենք, 7 կամ 8 տոկոսով: Այս պարագայում 5 հազար դոլարը «չեղածի» հաշիվ է, եթե խոսքը տեխնոլոգիա ներդնելու մասին է: Իսկ ջերմոցի դեպքում պատկերը էլ ավելի քիչ հուսադրող է: Արդիական ջերմոցի կառուցման համար մեկ քառակուսի մետրը գնահատվում է մոտ 100 դոլար: Գոնե 1000 քմ մակերեսով նման ջերմոց կառուցելու համար գյուղացուն անհրաժեշտ է առնվազն 100 հազար դոլար: Այդքան վարկ ստանալու համար նրա գրավադրելիք գույքի շուկայական գինը պետք է լինի առնվազն 150 հազար դոլար: Քանի՞ գյուղացի եք ճանաչում, որ այդքան գույք կամ ոսկեղեն ունենա:
Ցածր տոկոսադրույքներով վարկերը նույն գյուղատնտեսության ոլորտում գրավիչ կարող են լինել միայն խոշոր հողատերերի համար: Նրանք հիմա էլ ունեն ներդրումներ անելու հնարավորություն, սակայն անցած տարիների ընթացքում ապացուցել են, որ խիստ անարդյունավետ տնտեսվարողներ են: Խոշոր հողատերերը հիմա էլ, զուտ իրենց մասշտաբի հաշվին որոշակի եկամուտներ ստանում են իրենց տնտեսություններից: Էժան` սուբսիդավորված վարկեր ստանալու դեպքում, նրանք պարզապես մեծացնելու են իրենց եկամուտը, սակայն ստացված լրացուցիչ եկամուտները չեն դնելու նորագույն տեխնոլոգիաների վրա, այլ ընդամենը մի նոր թանկարժեք ու շքեղ մեքենա են գնելու: Ու արդյունքում կստացվի, որ մեր` հարկատուներիս հաշվին վարկեր սուբսիդավորելով, մենք ընդամենը բյուջեի հաշվին խոշոր հողատերերի համար նոր` շքեղ մեքենա ենք գնել։
Այսպիսով ակնհայտ է, որ բանկային տոկոսադրույքները սուբսիդավորման միջոցով նվազեցնելն անհրաժեշտ բազմաթիվ քայլերից մեկն է: Համակարգային մոտեցում չունենալու դեպքում սա կարող է ավելի շատ բացասական ազդեցություն ունենալ, քան դրական:
Էմմա Կիրակոսյան