Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ 2017 թվականի ընթացքում հարկային միջավայրը բարելավող մի շարք օրենսդրական փոփոխություններ են իրականացվել: Այդ մասին հոկտեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետ Արման Պողոսյանը՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարության ծրագրին համապատասխան՝ հատուկ ուշադրություն է հատկացվել միկրոձեռնարկատիրության ոլորտին:
Նա նշեց, որ հարկային ապառքներ կուտակած հարկ վճարողներին աջակցելու նպատակով ընդունվել են հարկային համաներում նախատեսող համապատասխան օրենքներ, իսկ փաստացի գործունեություն չիրականացնող, գույք և հարկային պարտավորություններ չունեցող հարկ վճարողներին պարզեցված ընթացակարգով լուծարվելու հնարավորություն է ընձեռվել:
Մեկ այլ նախաձեռնության համաձայն ինքնազբաղված անձիք ազատվել են հարկերից:
Ներկայացնելով փոփոխությունները` վարչության պետը նկատեց, որ Կառավարության ծրագրով խնդիր էր դրված ինքնազբաղված մարդկանց համար հարկային միջավայրը բարելավել և, հաշվի առնելով դա, ընդունվել է օրենք, որի համաձայն մինչև 9 միլիոն դրամ շրջանառություն ունեցողները, վարձու աշխատող չունեցողներն ազատվել են հարկերից:
«Ավելի քան 1600 անձ օգտվում է այս արտոնությունից»,-հայտնեց նա:
Արման Պողոսյանը միաժամանակ նշեց, որ տնտեսության ներդրումային գրավչությունը բարձրացնելու նպատակով ՊԵԿ նախաձեռնությամբ մշակվել և արդեն իսկ ՀՀ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել է օրենսդրական նախագծերի փաթեթ: Դրանով առաջարկվում է ԱԱՀ վճարողների կողմից մեքենաների, սարքավորումների (բացառությամբ կենցաղային նշանակություն ունեցող) և հումքային ապրանքների ներմուծումն ազատել ԱԱՀ-ից: Դա, ըստ Արման Պողոսյանի, բիզնեսին ներդրումների արագ հետգնման ու շրջանառու միջոցներ ունենալու հնարավորություն կընձեռի:
Vesti.am