Foto

Հիմա վրացիները մեր ռազմավարական դաշնակի՞ցն են, թե՞ մեծ եղբայրը

Հայաստանում արդեն վաղուց խորհրդավոր բնույթ կրող ու այդպես էլ որևէ մեկի կողմից չպարզաբանվող  հարցերից մեկն էլ գնագոյացման խնդիրն է: Ընդ որում, խոսքը ոչ միայն առանձին ապրանքների մասին է, այլ՝ ընդհանուր ներքին շուկայի՝ սկսած հասարակ կարտոֆիլից, վերջացրած  էլեկտրաէներգիայով: Ամենահետարքրականն այստեղ այն է, որ, հակառակ տնտեսագիտության բոլոր գրված ու չգրված օրենքերի, Հայաստանում գները անբնական բարձր են հատկապես այն ապրանքների մասով, որոնցից մեր երկիրը, պատկերավոր ասած, շատ ունի, այնքան, որ անգամ թույլ է տալիս իրեն արտահանել դրանք:

Ասվածի ամենափայլուն օրինակներից մեկը կարելի է համարել նույն էլեկտրաէներգիան: Այսպես՝ եթե հարևան Վրաստանում, որտեղ, ինչպես հայտնի է, Հայաստանն էլեկտրաէներգիա է արտահանում բավական երկար տարիներ,  1կվ-ն արժե դրամական արտահայտությամբ մոտ 30 դրամ, ապա մեզ մոտ, ուր այդ էժան էլեկտրաէներգիան արատդրվում է ու արտահանվում, բնակչությունը նույն բարիքի դիմաց ստիպված է վճարել գրեթե 50% ավելի:  Ու հիմա ցանկացած նորմալ մարդու ուղեղում հարց է ծագում՝ ի՞նչ է, վրացիների արյունը հայկական արյունից ավելի կարմի՞ր է, թե՞ ուղղակի Հայաստանում գործող բիզնես տրամաբանությունն է համաշխարհային ընդունված ստանդարտներից դուրս: Որն է այս համատարած երևույթի տրամաբանական բացատրությունը, ինչո՞ւ պետք է հայկական բարիքներից օտարերկրացին շատ ավելի հեշտորեն օգտվի, քան ՀՀ քաղաքացին:

Երբ մեր երկրի գրեթե բոլոր ենթակառուցվածքները պարտքի դիմաց զիջեցինք Ռուսաստանին ու վրան էլ ռազմաբազա ավելացրինք, պատճառաբանում էինք՝ ռազմավարական դաշնակից, մեծ եղբայր… Հիմա վրացիները մեր ռազմավարական դաշնակի՞ցն են, թե՞ մեծ եղբայրը, որ մեր էլեկտրաէներգիան մեզանից էժան են ստանում: Որ «ռազմավարական են ու մեծ», բա ինչու՞ են մի հատիկ խաչքարի համար «սպեցնազ» բերում, երկաթուղի ու Լարս փակում…

Մյուս կողմից էլ, եթե էժան չենք տալիս, ինչու՞ է մեզ մոտ մեր բնական ռեսուրսների ու էկոլոգիայի հաշվին արտադրված էլեկտրաէներգիան թանկից թանկ: Էստեղ է, որ գալիս է մեր հայրենի ՀԷՑ-ի «մուտքը»: Այդ մենաշնորհային սարդոստայնի սեփականատերը, որ մեծագույն բարերարի ու բիզնեսմենի համբավ ունի, ինչու՞ այդպես էլ չի հաջողում իր ղեկավարած հիմնարկի բարեփոխումները, որ գոնե մի դրամով սակագին իջեցնի:

Լինի միս, թե կարտոֆիլ, էլեկտրաէներգիա, թե ծիրան, փաստ է, որ նույն հակատրամաբանական վիճակն է շուկայում, նույն ոչ ռացիոնալ մոտեցումը, ինչի պատճառով էլ, ըստ էության, այդպես էլ չի հաջողվում գլուխ բերել աղքատության հաղթահարման գործը: Ինչպե՞ս մարդիկ հարստանան, երբ նրանք ուղղակի թալանի են ենթարկվում ու այն էլ օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ, ու այդպես էլ չի գտնվում մեկը, ով վերջ կտա այս մարազմին…

Հրանտ Դալլաքյան