Foto

Երկվորյակ եղբայրների թաքուն երազանքը. տեսանյութ/լուսանկարներ

17-ամյա Ալիկ և Ավիկ Հոխանյան եղբայրներն արդեն 14 տարի է հաճախում են Վարդենիսի «Աստղավարդ» վերականգնողական-զարգացման կենտրոն, երկվորյակ եղբայրները ծնվել էին մանկական ուղեղային կաթվածով:

Ալիկը թաքուն երազանք ունի՝ ուզում է դառնալ միջազգային լուրերի մեկնաբան:

«Դե ինձ նման հաշմանդամություն ունեցող երեխայի համար շատ դժվար է քայլելը, շարժվելը, իսկ դա  լրագրողին խիստ անհրաժեշտ է»,-նշում է Ալիկը:

Ասում է՝ Հայաստանում հետաքրքիր ոչինչ չկա, ամեն ինչ լճացած է: Միջազգային լիդերներից հավանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

«Թրամփը կոշտ, կոպիտ, իր ասածի տեր մարդ ա, դրա համար էլ որպես լիդեր շատ եմ հավանում»,-ասում է Ալիկը:

Նրա երկվորյակ եղբայրը՝ Ավիկը,  իր ուժերն է փորձում սպորտային լրատվության բնագավառում: Հավանում է  իսպանական «Բարսելոնային», իսկ Մեսսիին անփոխարինելի ֆուտբոլիստ է համարում:

Ալիկն էլ վստահեցնում է, որ այս բնագավառում նույնպես Հայաստանում լճացում կա:

Երկու եղբայրները երազում են, որ Վարդենիսում էլ զբաղմունքի շատ կենտրոններ լինեն ու ամենակարևորը՝  ասֆալտապատ ճանապարհներ, որպեսզի կարողանան ինքնուրույն քայլել:

Եղբայներն այսօր սովորում են Վարդենիսի պետական քոլեջում՝ ծրագրավորման բաժնում:

«Շատ կցանկանայի, որ մեր քաղաքում էլ «Թումոյի» պես ինչ-որ բան բացվեր, որպեսզի զբաղվեինք»:

Դուսյա Ղազարյան

Լուսանկարները՝ Աստղիկ Հովհաննիսյանի

Vesti.am

Մանրամասները՝ Vesti.am-ի տեսանյութում:

https://www.youtube.com/watch?v=OA3hGRnhi08&feature=youtu.be