«Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում արդեն 13-րդ անգամ տեղի ունեցավ «ԴիջիԹեք Էքսպո 2017» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի բացման արարողությունը:
Ցուցահանդեսում, որը բաց կլինի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը, ներկայացված են հայկական տեխնոլոգիական ընկերությունների արտադրանքներն ու ծառայությունները, ինչպես նաև բազմաթիվ նորարական գաղափարներ:
«Արփի Սոլար» ընկերության գլխավոր և հիմնադիր տնօրեն Հայկ Չոբանյանի խոսքով, «Դիջիթեքը» առանձնանում է հայաստանյան ցուցահանդեսային ոլորտում ոչ միայն այն առումով, որ տեխնոլոգիական ոլորտն ամենահետաքրքիրն է, այլև, այն, որ տարեցտարի ակնհայտ է մասնակիցների զարգացումը և՛ քանակական, և՛ որակական առումներով:
«Անցած տարիներին 40-50 հազար մասնակից ենք ունեցել և տարեցտարի նրանց քանակն ավելացել է, հույս ունենք այս տարի ևս աճ գրանցել»,-նշեց Չոբանյանը:
Ըստ Չոբանյանի՝ իրենց հիմնական նպատակը քաղաքացիներին արևային էներգիայի օգտագործման առավելություններն ու հնարավորությունները բացատրելն է։
«Մեր հիմնական «մեսիջն» այն է, որ մարդկանց բացատրենք՝ բնությանը վնաս չտալու և էներգիա խնայելու համար պարզապես պետք է կապվել մեզ հետ և 3 օր անց կունենաք վահանակներ, որոնց համար առաջիկա 5 տարվա ընթացքում կվճարեք այնքան, որքան գազի էներգիայի համար եք վճարում, հետագա 20 տարիների ընթացքում էլ համակարգն անվճար կօգտագործեք»,-ասաց Չոբանյանը:
Նրա խոսքով՝ որոշակի հետաքրքրվածություն կա արևային էներգիայի սպառման հանդեպ, բայց, ասել թե մեծ է, ճիշտ չի լինի։
«Այլապես պետք է որտեղ կանգնեինք, արևային վահանակներ տեսնեինք այն դեպքում, երբ Հայաստանում երկու անգամ ավելի ուժեղ արև ունեք, քան Եվրոպայում, որտեղ օգտագործման հաճախականությունն ավելի մեծ է: Կարծում եմ՝ սա մշակույթի հետ է կապված, հույս ունեմ՝ մոտ ապագայում իրավիճակը կշտկվի»,-եզրափակեց Չոբանյանը:
«ԴիջիԹեք Էքսպո 2017»-ին ներկայացված «Chessify» շախմատային հավելվածը կազմակերպության ինժեներ Արփի Սարգսյանի խոսքով նորարարություն է ոլորտում։
«Այն իրենից ներկայացնում է շախմատային տախտակի սկանավորում և թվայնացում, պարզապես հեռախոսի օգնությամբ նկարում եք շախմատային տախտակը, այնուհետև հավելվածը ցույց է տալիս շախմատի քարերի ճիշտ դիրքավորումը»,-նշեց նա, հավելելով, որ հավելվածը մեծ օգնություն է հատկապես ծնողներին։
«Այն շատ օգտակար է այն ծնողների համար, որոնք չեն կարողանում լուծել շախմատային խնդիրները, հավելվածի օգնությամբ նրանք կարող են տեսնել ճիշտ լուծումն ու երեխային բացատրել այն»,-ասում է Արփին:
Նրա խոսքով՝ արդեն երկու տարի շուկայում գործող ստարտափը 100 հազարից ավելի ներբեռնում ունի, բազմաթիվ մրցույթներում հաջողություններ է գրանցել, իսկ սպառողներից առաջատար են Գերմանիայի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի օգտատերերը: Հավելվածը դեռևս անվճար է, բայց կազմակերպիչների խոսքով, առաջիկայում մտադիր են այն որպես բիզնես գաղափար դիտարկել:
Ցուցահանդեսին ներկայացված էր նաև «Թումո» ստեղծարար կենտրոնի սաների երկու տարվա աշխատանքը՝ հակակոռուպցիոն «Ներկայի առասպելը» համակարգչային խաղը, որը հասանելի կլինի դեկտեմբերի 9-ից:
«Թումոյի» սան Բերտան, ներկայացնելով իրենց աշխատանքը, պատմեց, որ խաղը հիանալիորեն օգնում է երեխաներին հասկանալ՝ ինչ է կոռուպցիան, ինչպես կարելի է հաղթահարել այն։
«Խաղում բոլոր հասարակական թեմաներն էլ արծարծված են, այն ուսուցողական բնույթ ունի, 12 տարեկան և բարձր տարիք ունեցող երեխաներն արդեն կարող են հասկանալ խաղի բնույթը: Չնայած դրան, մեծերի շրջանում ևս մեծ հետաքրքրություն կա»,-ասաց նա, հավելելով, որ իրենց խաղն առանձնանում է նրանով, որ կոմիքսի ձևով է ներկայացված, չկան զենքեր, որոնցով սովորաբար անցնում են համակարգչային խաղերի փուլերով։
«Խաղի ընթացքում իմանալու ենք հերոսների ներքին աշխարհի մասին, ցույց են տրված միայնակ մարդկանց կերպարներ, ովքեր ընկերներ չունեն»,- եզրափակեց Բերտան։
Սաթենիկ Թովմասյան
Vesti.am
Լուսանկարները՝ Աստղիկ Հովհաննիսյանի