«Կվարտալցի» Սուսաննա Գևորգյանը տարիներ առաջ ամուսնացավ ու հետևելով ամուսնուն՝ գնաց Գեղարքունիքի մարզի Տորֆավան գյուղ՝ բնակության:
Հիմա փոշմանել է ու բոլոր աղջիկներին խորհուրդ է տալիս՝ լսե՛ք ամուսիններին, սակայն հակառակն արեք:
«Խարբերդում իմ անունով տուն ունեինք: Սակայն ամուսնուս ծնողներն այստեղ էին ապրում: Դե գիտեք, հայ տղային պատիվ չի բերում տնփեսա գնալ ու ինձ համոզեց, որ գանք էստեղ ապրենք: Ես էլ համաձայնեցի, բայց հիմա շատ եմ փոշմանել: Էստեղ բան չկա: Նույնիսկ հող չունենք, որպեսզի գյուղատնտեսությամբ զբաղվենք»,- Vesti.am-ի հետ զրույցում ասաց տիկին Սուսաննան:
Ցավով նշում է՝ նույնիսկ անասուն չի կարողանում պահել, քանի որ գոմի տանիքը քանդվել է, իսկ այն կարգի բերելու համար մեծ գումարներ են պետք:
«Ամուսինս աշխատում է գազալցակայանում, տղաս էլ մեկ-մեկ տաքսի է քշում, էսպես կարողանում ենք ապրել: Շատ հիվանդություններ ունեմ, բայց գումարի պատճառով հիվանդանոց չեմ գնում»,-նշեց տիկին Սուսաննան:
Սակայն բազում խնդիրներից հետո էլ տիկին Սուսաննան չի վհատվում, ասում է՝ կարևորը բոլորս իրար գլխից անպակաս ու առողջ լինենք, էսպես էլ կապրենք:
«Գյուղում գազի խողովակները քաշված են, բայց ամբողջ գյուղը գազ չունի: Գյուղը ո՛չ դպրոց ունի, ո՛չ էլ մանկապարտեզ: Երեխաները հաճախում են կողքի գյուղի դպրոցը: Ջուր էլ ունենք, բայց էնքան քիչ ա, որ վախենում ենք լվացքի մեքենան օգտագործենք»,- հավելեց նա:
Նրա խոսքով՝ գյուղը վերջերս սկսել է լցվել, քանի որ տները մյուս գյուղերի համեմատ ավելի էժան են:
Մանրամասները՝ Vesti.am-ի տեսանյութում:
Դուսյա Ղազարյան
Լուսանկարները՝ Աստղիկ Հովհաննիսյանի
Vesti.am
https://www.youtube.com/watch?v=f8YbPTYQ1fs&feature=youtu.be