Foto

Վարդենիսի «Աստղավարդ» զարգացման և վերականգնողական կենտրոնը ֆինանսական աջակցության կարիք ունի. ֆոտոշարք/տեսանյութ

2003 թվականից գործունեություն ծավալող Վարդենիս քաղաքի «Աստղավարդ» հաշմանդամ երեխաների ծնողների հասարակական կազմակերպությունն այսօր 70 շահառու ունի: Չնայած բազմաթիվ խնդիրների՝ կազմակերպությունը կարողացել է գոյատևել շուրջ 14 տարի:  Կազմակերպության բացման շարժառիթը եղել են «Աստղավարդ» հաշմանդամ երեխաների ծնողների ՀԿ նախագահ Մելանյա Եփրեմյանի երկվորյակ թոռները, որոնք լույս աշխարհ էին եկել ուղեղային կաթվածով:

«Մենք նրանց տանում էինք Երևան՝ վերականգնողական կենտրոն: Հետագայում մտածեցի, որ նմանատիպ կենտրոն կարելի է ստեղծել նաև Վարդենիսում, քանի որ տարածաշրջանում նմանատիպ երեխաներ շատ կային»,-Vesti.am-ի հետ զրույցում ասաց  Մելանյա Եփրեմյանը:

Նրա խոսքով՝ շենքը տրամադրել է Վարդենիսի քաղաքապետը, կամավորների շնորհիվ կարողացել են վերանորոգել այն, իսկ դրամաշնորհներով ձեռք են բերել կահույք և անհրաժեշտ սարքավորումներ:

Տիկին Մելանյան նկատում է, որ դրամաշնորհներն ամենաշատը լինում են մեկ տարով, այնուհետև երկար ժամանակ ընդհատվում են, և այդ ընթացքում բոլորն էլ աշխատում են կամավորական սկզբունքով:

«Շենքում կա ջեռուցման համակարգ, սակայն ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով չենք կարողանում ջեռուցել: Եթե երեխաները տարվա ընթացքում բաց են թողնում վերականգնողական  մեկ կուրս, ապա մյուս աշխատանքները ջուրն են ընկնում: Դիմել ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որպեսզի հավաստագիր ստանանք: Հույս ունենք, որ այն ձեռք բերելուց հետո պետական աջակցություն կստանանք»,-ավելացրեց Եփրեմյանը՝ հավելելով, որ այժմ հիմնականը տրանսպորտի խնդիրն է:

Մանրամասները Vesti.am-ի տեսանյութում:

Դուսյա Ղազարյան

Լուսանկարները՝ Աստղիկ Հովհաննիսյանի

Vesti.am

https://www.youtube.com/watch?v=K-nnqOinY4o&feature=youtu.be