Foto

«Մաքսային մուտքի անդորրագիր» համակարգից օգտվել է 54 550 քաղաքացի. ՊԵԿ

«Մաքսային մուտքի անդորրագիր» համակարգը, որը Պետական եկամուտների կոմիտեն գործարկել է ընթացիկ տարվա փետրվարի 13-ին, ֆիզիկական անձանց համար դյուրինացրել է սահմանահատման գործընթացը, իսկ մաքսային մարմնին՝ էլեկտրոնային հարթակում անհրաժեշտ վերահսկողություն իրականացնելու հնարավորություն ստեղծել:

Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Համակարգի գործարկմամբ ֆիզիկական անձինք այլևս ստիպված չեն լինելու վճարել մաքսային միջնորդներին անձնական օգտագործման ապրանքի հայտարարագիր ներկայացնելու համար, քանի որ ձևակերպումներն իրականացվում են մաքսային ծառայողների կողմից՝ առանց լրացուցիչ վճարի:

Սեպտեմբերի մեկի դրությամբ նոր համակարգից օգտվել է 54 550 քաղաքացի, որոնց շուրջ 50 տոկոսը սահմանը հատել է Բագրատաշենի մաքսակետով: Համակարգի միջոցով է իրականացվում նաև ՀՀ ժամանակավոր ներմուծվող և վերաարտահանվող մարդատար տրանսպորտային միջոցների հաշվառումը։