«Հայաստանում տնտեսական ակտիվությունը փոքր-ինչ թուլացել է, որոշ առումով նվազել է նաև արդյունաբերական արտադրանքի ծավալը»: Սեպտեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում, ներկայացնելով 2017 թվականի տնտեսական ամփոփ ցուցանիշները, այդ մասին ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:
Ըստ բանախոսի, խնդիրներ ունենք գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի բնագավառում:
«Այստեղ նկատվում է գրեթե 10 տոկոսանոց անկում, ինչն էական ցուցանիշ է: Ինչ վերաբերում է շինարարությանը, ապա այստեղ ևս անկումը շարունակվում է։ Եթե նախկինում ցուցանիշը 8.7 էր, այժմ 8 տոկոս է»,-ասաց նա:
Խոսելով արտաքին առևտրաշրջանառությունից, Վիլեն Խաչատրյանը նկատեց, որ հունվար-օգոստոս ամիսների համար ունենք 124.4 տոկոս աճ, արտահանման աճը 121.7 տոկոս է, ներմուծմանը՝ 126:
«Արտահանման բնագավառում գնում ենք ռեկորդի և նախորդ տարվա համեմատությամբ 200 միլիոն դոլարանոց աճ կա: Այս տեմպերի շարունակության պայմաններում արտահանման ռեկորդը կթարմացվի»,-ասաց տնտեսագետը՝ ընդգծելով, որ աճի ֆոնին Հայաստանից արտահանումների առաջին հորիզոնականում Ռուսաստանն է, երկրորդում՝ Բուլղարիան, երրորդում՝ Շվեյցարիան:
Միաժամանակ, սակայն, բանախոսը նկատեց, որ արտահանման ցուցանիշների մասին խոսելիս հատկանշական պետք է համարել այն, որ եթե տարիներ առաջ Հայաստանից Չինաստան արտահանումները կազմում էին 12, ապա այժմ՝ ընդամենը 4.6 տոկոս:
Ինչ վերաբերում է դեպի Հայաստան ներմուծման ցուցանիշներին, Վիլեն Խաչատրյանն ասաց, որ առաջատարը կրկին Ռուսաստանն է, երկրորդ հորիզոնականում՝ Վրաստանը, երրորդում՝ Արաբական Էմիրությունները:
Vesti.am