Foto

Վարչապետն անդրադարձավ 2018 թվականին Հայաստանում Միջազգային տնտեսական համաժողովի կազմակերպմանը

Վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի այսօրվա նիստում անդրադարձավ 2018 թվականին Հայաստանում Միջազգային տնտեսական համաժողովի կազմակերպմանը:

«Վերջերս կայացած «Հայաստան-Սփյուռք» համաժողովի ընթացքում ներկայացրեցինք Հայաստանի տնտեսական ներուժի, ներդրումային ծրագրերի և արձանագրված տնտեսական աճի վերաբերյալ համալիր տեղեկատվություն: Փաստ է, որ մենք խնդիր ունենք դա առավել հասանելի դարձնելու: Այդ իսկ պատճառով հարկավոր է մեր գիտական և տնտեսական ներուժը հասանելի դարձնել համաշխարհային ճանաչում ստացած տնտեսական կազմակերպություններին և ձեռնարկատերերին՝ մեր երկրում կազմակերպելով ժամանակակից պահանջներին համապատասխանող  տնտեսական միջոցառումներ»,-ասաց Կարապետյանը:

Ելնելով  վերոնշյալից՝ վարչապետը կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում Հայաստանում 2018 թվականին Միջազգային տնտեսական համաժողով  կազմակերպելու նպատակով  մշակել միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ համապատասխան իրավական ակտերի նախագիծ՝ նախատեսելով հանձնաժողովի կազմը ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ և տնտեսական ոլորտի նախարարների մասնակցությամբ:

«Մենք իրականում ուզում ենք տնտեսական և ներդրումային ռեգուլյար հարթակ ստեղծել Հայաստանում, որտեղ պատմելու ենք, թե ինչպիսի Հայաստան ենք ցանկանում տեսնել, ինչ տեսլականներ ունենք, համաշխարհային ճանաչված մասնագետների հետ քննարկել մեր պատկերացումները, մոտեցումները, ինչպես նաև ստեղծել հնարավորություն ներկայացնելու մեր գործընկերներին»,-ընդգծեց նա: