Foto

Ներդրումների 45 տոկոսն արտասահմանյան է. Գագիկ Մակարյան

Մեկ տարի առաջ   Կարեն Կարապետյանը կառավարության շենք մտավ վարչապետի կարգավիճակով և խոստացավ  Հայաստան բերել 860մլն դոլարի ներդրում: Վերջերս հայտարարվեց, որ մինչ այսօր  860մլն խոստման  43 տոկոսն է իրականացվել:

Թեմայի շուրջ  Vesti.am-ը զրուցել է ՀՀ գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ:

-Պարո՛ն Մակարյան, դա գոհացուցի՞չ ցուցանիշ է:

Մի քանի ուղղությամբ դեռևս խոշոր ներդրումներ կկատարվեն մինչև տարվա վերջ:  Հնարավոր է մինչև տարվա վերջ խոստացված 860մլն-ը չլինի, բայց հաստատ մոտ 600մլն-ի կհասնի: 3-4 ձեռնարկություն կա, որոնք խոշոր ներդրումային պլաններ ունեն: Պետք է նկատենք, որ այդ ներդրումային ծրագրերը մեկ տարվա համար չեն մշակված:

-Իրականացված ներդրումներից որքա՞ն են կազմում արտասահմանյան ներդրումները:

Ներկա վիճակում իրականացված ներդրումների մոտ 45 տոկոսը միջազգային ներդրումներն են: Երբ ՀԷՑ-ն ավելացնի իր ներդրումային ծավալները, կարծում եմ՝ հավասարությունը կփոխվի դեպի տեղական ներդրողի կողմը: Մեզ մոտ հանքարդյունաբերությունն իրականացվում է հիմնականում միջազգային ներդրումներով: Գովելի է, որ մի քանի  խոշոր ծրագրի ներքո մենք կունենանք արդիականացված համակարգ և նոր աշխատատեղեր:

-Նկատվում է արդյո՞ք Հայստանում ներդրում կատարելու հետաքրքրվածություն:

Այո՛:  Հայաստանի հանդեպ հետաքրքրությունները միջազգային հանրության կողմից քանի գնում մեծանում են:  Վերջերս բավականին մեծ հետաքրքրվածություն է նկատվում լատվիացիների, ֆրանսիացիների, բուլղարացիների կողմից: Բուլղարացիները ցանկանում են կարի ոլորտում ներդրումներ կատարել, այսինքն հումքը բերեն  և արտադրությունն այստեղ իրականացնեն: Խոսքը տարեկան 1մլն հատ արտադրության մասին է:  Հնարավոր են նաև ներդրումներ ոչ թե գումարի տեսքով, այլ՝ պատվերի: Կարևորը, որ մենք ներդրումների դինամիկան ճիշտ պլանավորենք ու խթանենք:

Դուսյա Ղազարյան

Vesti.am