Foto

Կառավարությունը նախատեսում է զիջել պարարտանյութերի և սերմերի դիմաց գյուղացիների կուտակած պարտքերը

Այսօր ՀՀ կառավարության նիստին  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն, անդրադառնալով գյուղատնտեսական ոլորտում պետական աջակցության զանազան ծրագրերով գյուղացիներին 2012 թվականից տրամադրված պարարտանյութերի և սերմերի դիմաց կուտակված պարտքերի հավաքագրման խնդրին, գյուղատնտեսության նախարարից հետաքրքրվել է կառավարության համապատասխան հանձնարարականի ընթացքի մասին, որը տրվել էր այս տարվա մայիսին: Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ներկայացվելիք՝ պարտապանների ցանկերի հիման վրա տվյալները կամփոփվեն և համապատասխան որոշում կներկայացվի կառավարություն՝ զիջելու կամ այլ կարգադրություն տալու համար: Նախարարը հավելել է, որ 2017 թվականին տրամադրված պարարտանյութերի ու սերմերի դիմաց վճարումները կատարվել են 100 տոկոսով, որևէ պարտք չի գոյացել: