Սեպտեմբերի երկուսին, մերձմոսկովյան Բալաշիխա քաղաքային շրջանում իր դռներն է բացել կիրակնօրյա հայկական դպրոցը: Դա հնարավոր է դարձել հասարակական ակտիվիստների՝ լրագրողներ Սուսաննա Հովհաննիսյանի և ուսուցչուհի Ժաննա Հարությունյանի նախաձեռնության շնորհիվ, որոնք աջակցություն են ստացել Բալաշիխայի ՌՀՄ քաղաքային բաժանմունքի և տնօրեն Լևոն Մկրտչյանի կողմից, որը դասերի անցկացման համար անհրաժեշտ հարմարավետ տարածք է տրամադրել:
Դպրոցի բացման արարողությանը ներկա են եղել ՌՀՄ փոխնախագահ Գերման Անանյանցը, Բալաշիխայի կրթության ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Տամառա Նաբատովան, Ռուսաստանի վաստակավոր ուսուցիչ, Ռուսաստանում առաջին հայկական դպրոցի հիմնադիր Օֆելյա Առաքելյանը, ՌՀՄ կառավարման խորհրդի անդամ Արամ Աբրահամյանը, «Ռուս-հայկական բարեկամության» համայնքի ղեկավար Վաչագան Բասենյանցը:
Արարողության ժամանակ Գերման Անանյանցը Բալաշիխայում հայ համայնքի ազգային-մշակութային ինքնության պահպանման համար «ՌՀՄ 15 տարի» հուշամեդալով է պարգևատրել Բալաշիխա քաղաքի ՌՀՄ ստորաբաժանման ղեկավար Լևոն Մկրտչյանին և կիրակնօրյա հայկական դպրոցի հիմնադիրներից մեկին՝ Սուսաննա Հովհաննիսյանին: