ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ կոնյակի և գինու արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են խաղողի մթերման գործընթացին, ոլորտի զարգացման հնարավորություններին և հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը զեկուցել է մթերման գործընթացի կազմակերպման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Նախարարի տեղեկացմամբ, նախորդ տարվա ընթացքում ընկերություները մթերել են շուրջ 110 հազար տոննա խաղող, իսկ այս տարի, նախնական տվյալներով, կանխատեսվում է 141 հազար տոննա խաղողի մթերում: Միաժամանակ, Իգնատի Առաքելյանը նշել է, որ ըստ մասնագետների վերլուծության, խաղողի ընդհանուր բերքը 2017 թվականին նախորդ տարվա համեմատ քիչ է լինելու 10 տոկսով՝ ցուրտ ձմռան ու այգեթաղ չկատարելու պատճառով: Նախարարը հորդորել է մթերող կազմակերպությունների ներկայացուցիչներին գործընթացի մեկնարկից առաջ կանոնակարգել արտադրությունն ու պայմանագրեր կնքել գյուղացիական տնտեսությունների հետ՝ խնդիրներից զերծ մնալու նպատակով: Ըստ Իգնատի Առաքելյանի՝ ընթացիկ տարում արդեն իսկ արձանագրվել է կոնյակի արտահանման մոտ 30 տոկոս աճ:
Vesti.am