ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար և Հայաստանի Հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է ֆեդերացիայի նախագահության ու մարզչական խորհրդի անդամների հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են ֆեդերացիայի ընթացիկ աշխատանքները և հետագա ծրագրերը, տեղեկանում ենք ՀԱՕԿ լրատվականից:
ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել ֆեդերացիայի ղեկավարությանը՝ կատարած աշխատանքի համար և հույս հայտնել, որ հետագայում ևս հայ մարզիչների արհեստավարժությունը հնարավորություն կտա մեր մարզիկներին պատվով ներկայացնել Հայաստանը միջազգային հեղինակավոր մրցաշարերում.
«2017 թվականի աշխարհի առաջնությունում մեր մարզիկների մասնակցությունը գնահատում եմ լավ: Ունեցանք աշխարհի երկու չեմպիոն և երկու բրոնզե մեդալակիր: Սա ինչպես մարզիկների, այնպես էլ մարզիչների քրտնաջան աշխատանքի արդյունքն է»,- ասել է Հրաչյա Ռոստոմյանը:
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ և ազատ ոճի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատարը Հրաչյա Ռոստոմյանին ներկայացրել են հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպած ուսումնամարզական հավաքների և մարզիկների անհատական մարզումների ընթացքը, տեղեկություն ներկայացրել իրականացված կազմակերպչական այլ աշխատանքների վերաբերյալ:









