«ՀՀ-ում այս տարվա առաջին կիսամյակում անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բանջարեղենը թանկացել է 15 տոկոսով»: Օգոստոսի 31-ին, լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին հայտարարել է «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը՝ ընդգծելով, որ ամեն ինչն է թանկանում:
Ըստ բանախոսի՝ եթե գներն աճել են 10 տոկոսով, իսկ մարդկանց եկամուտներն ավելացել են 17 տոկոսով, ուրեմն՝ մարդկանց կենսամակարդակը բարելավվել է, իսկ մեզ մոտ, նրա խոսքով, բոլոր բնագավառներում եկամուտները չեն ավելանում:
«Թոշակները, աշխատավարձերը ե՞րբ են ավելացել, որևէ մեկս չենք հիշում: Այս վիճակի մասին նույնիսկ կարիք չկա բարձրաձայնելու, որովհետև պատկերը բոլորի համար ակնհայտ է»,- ասաց նա:
«Սպառողների միության» նախագահի դիտարկմամբ, Հայաստանը գնում է աղքատության:
Բանախոսը մանրամասնեց, որ միջին աշխատավարձը 160 հազար դրամ է, սպառողական զամբյուղը 70 հազար: Եթե ընտանիքում 4 հոգի են, և միայն մեկն է աշխատում, ապա ստացվում է մի թիվ, որը պակաս է նվազագույն սպառողական զամբյուղից:
«Ամեն ինչ պարզ է, մենք գնում ենք աղքատության, մեր երկրում այսօր աղքատության պաշտոնական տոկոսը 35 է, իսկ իրականում՝ ավելի բարձր»,-ընդգծեց Արմեն Պողոսյանը:
Vesti.am