Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է, որ ազգաբնակչության թվի նվազումը և տնտեսական աճի ապահովումը տարբեր մակրոտնտեսական ցուցանիշներ են, որոնք պետք չէ խառնել իրար հետ: Հիշեցնենք, որ ԱՎԾ տվյալներով՝ 2012-2016 թվականներին տնտեսապես ակտիվ բնակչությունը երկու հարյուր հազարով է կրճատվել, իսկ զբաղվածների թիվը՝ 166 հազարով։
«Պարբերաբար, երբ հրապարակվում են մակրոտնտեսական ցուցանիշներ, մենք ուսումնասիրություն ենք կատարում: Ես ճիշտ չեմ համարի մեկնաբանելը, թե 2012-2016 թթ. ընթացքում որքանով է կրճատվել բնակչության թիվը, այլ կոչ կանեմ անդրադառնալ նրան, ինչպես վերջին տարվա ընթացքում բազմիցս հայտարարել ենք, որ նոր աշխատատեղեր են ստեղծվում, և եթե մենք ուզում ենք խոսել տնտեսության և զարգացման ուղղությունների վերաբերյալ, մենք պետք է վերցնենք այն մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք վերաբերում են երկրի տնտեսական զարգացմանը»,-ասել է նա և հավելել, որ դա առաջին հերթին համախառն ներքին արդյունքի աճն է, արտահանման աճն է, արդյունաբերության աճն է և մյուս ցուցանիշներն են:
Սուրեն Կարայանի խոսքով՝ քաղաքացին իր մաշկի վրա է զգում նոր կառավարության գրանցած առաջընթացը. «Ստեղծվել են նոր աշխատատեղեր, զբոսաշրջության մեծ աճ ունենք, հատկապես վերամշակող արդյունաբերության մասով առաջին 7 ամիսներին երկնիշ աճ կա, և կուտակային աճը կազմում է 12.7 տոկոս, որը բավականաչափ լուրջ աճ է: Այդ բոլոր միտումները չեն կարող չնկատվել և չեն կարող չազդել բնակչության վրա»,-նշել է նա:
Vesti.am