2017 թվականի օգոստոսի 27-30-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի համար անցկացվող «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթը: Այդ մասին հայտնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունից:
Մրցմանը մասնակցելու են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի լսողական, տեսողական, հենաշարժողական, մտավոր խնդիրներ ունեցող մարզիկներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Մարզիկները մրցելու են շախմատ, սեղանի թենիս, դարթս, բազկամարտ, շաշկի, եռամարտ և բասկետբոլ մարզաձևերում:
Մրցումների փակման հանդիսավոր արարողության ժամանակ՝ օգոստոսի 30-ին՝ ժամը 11.00-ին, հաղթողներն ու մրցանակակիրները կպարգևատրվեն ՀՀ նախագահի վկայագրերով և դրամական մրցանակներով, իսկ 1-3-րդ տեղերը զբաղեցրած թիմերին կհանձնվեն գավաթներ և շնորհակալագրեր:









