«Օդի բավականին բարձր ջերմաստիճանն իր ազդեցությունն է թողնում նաև գյուղատնտեսության վրա»,-մամուլի ասուլիսի ժամանակ հողագործներին մի քանի խորհուրդ է տվել գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը:
«Չնայած ցերեկային շատ բարձր ջերմաստիճանին՝ գիշերային ջերմաստիճանը չի գերազանցում + 26-ը, ինչը նշանակում է, որ բույսերն աշխատելու են, ամբողջ գիշեր լինելու է նրանց համար զով և կրիտիկականի չհասնող ջերմաստիճան»,- նկատեց փոխնախարարը։
Աշոտ Հարությունյանը հորդորեց այգիներում հիմնական բուժման աշխատանքը կատարել վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան. «Ոռոգման ջրի խնդիր չունեցող վայրերում հնարավորության դեպքում արդյունավետ կազմակերպել ոռոգման կարգը, որքան հնարավոր է ջուրն օգտագործել գիշերային ժամերին։ Իսկ այն հողօգտագործողները, ովքեր իրենց այգիներում, բանջարանոցներում ցերեկային ժամերին են ջրել սկսել, ցանկալի կլինի օրվա շոգ ժամերին ջրելը չդադարեցնեն, այլ անջատեն ուշ ժամերին կամ լուսադեմին»։
Փոխնախարարը վերջում հողօգտագործողներին խնդրեց՝ ջուրն օգտագործել իրար զիջելով ու օգնելով։