Հուլիսի 22-30-ը պատանի մարզիկները Հունգարիայի Գյոռ քաղաքում մասնակցելու են Եվրոպական ամառային օլիմպիական փառատոնին: Այդ մասին հայտնում են ՀԱՕԿ լրատվականից:
Շուրջ 50 երկրի մարզիկներ կպայքարեն 10 մարզաձևում` թենիս, հեծանվային սպորտ, լող, ձյուդո, աթլետիկա, սպորտային մարմնամարզություն, վոլեյբոլ, բասկետբոլ, հանդբոլ և կանոե: Հայ պատանիները հանդես կգան դրանցից վեցում։
Եվրոպական ամառային օլիմպիական փառատոնին կմասնակցեն Յուրի Մարտիրոսյանը, Արթուր Սողոյանը, Էվելինա Մարտիրոսյանը, Էվա Խաչատրյանը (բոլորը` թենիս), Ամու Ասուբովը, Հովհաննես Երանոսյանը, Հենրիկ Երանոսյանը (երեքն էլ` հեծանվսապորտ), Արթուր Բարսեղյանը, Վարսենիկ Մանուչարյանը (երկուսն էլ` լող), Արտյոմ Ղալաչյանը, Սամվել Գևորգյանը, Արսեն Ավեդիսյանը, Ռոբերտ Թորոսյանը, Նունե Նազարյանը (բոլորը` ձյուդո), Դավիթ Սարգսյանը (աթլետիկա), Ժորա Սմբատյանն ու Անահիտ Ասադուրյանը (երկուսն էլ` մարմնամարզություն):
Հայաստանի մարզական պատվիրակության ղեկավարը ՀԱՕԿ սպորտի և միջազգային կապերի վարչության պետ Գագիկ Բոլշիկյանն է։
«Հայ մարզիկները բազմիցս մասնակցել են օլիմպիական փառատոններին և լավ են հանդես եկել: Հուսանք, որ այս տարի ևս մեր պատանիները պատվով կներկայացնեն Հայաստանը»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Գագիկ Բոլշիկյանը:









