Foto

«Բանանցը» 3 ստուգողական հանդիպում կանցկացնի Վրաստանում

Հուլիսի 10-17-ը Երևանի «Բանանցը» ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանում, որի ընթացքում նախատեսված է երեք ստուգողական հանդիպում վրացական թիմերի հետ:

Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:

«Բանանցը» կիջևանի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, իսկ մարզումներն ու խաղերը տեղի կունենան Սագուրամոյում գտնվող Թբիլիսիի «Լոկոմոտիվի» մարզաբազայում:

Հուլիսի 12-ին «Բանանցը» ստուգողական հանդիպում կանցկացնի Թբիլիսիի «Սաբուրթալոյի» հետ, հուլիսի 14-ին՝ Գորիի «Դիլայի» հետ, իսկ հուլիսի 17-ին կայանալիք խաղի մրցակիցը դեռ ճշտված չէ:

Հանդիպումները կցուցադրվեն «FC Banants TV»-ի ուղիղ եթերում:

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 7-ին, «Բանանցը» ստուգողական հանդիպում է անցկացնելու իրանական «Փարս Ջոնուբի Ջամ» թիմի հետ, որն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում երևանյան ակումբի մարզաբազայում: