«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները հատկապես շառաչուն ապտակ էին «զորավար» Սուրեն Պապիկյանի համար, որի հայրենի Լոռիում, մասնավորապես` Ստեփանավանում, Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ջախջախիչ հաղթանակ է տարել: Դիցուք, Ստեփանավան համայնքի 25/31 ընտրատեղամասում ընտրությանը մասնակցած 757 ընտրողից 744-ն իր քվեն տվել է «Ուժեղ Հայաստան»-ին, 8-ը՝ ՔՊ-ին։
Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը բացարձակ հաղթանակ է տարել բոլոր 13 ընտրատեղամասերում` առաջ անցնելով մյուս ուժերից։ Սա՝ այն դեպքում, երբ այս համայնքը, կարելի է ասել, Պապիկյանի ու նրա գերդաստանի «վոտչինան» է` նրանց տոտալ վերահսկողության ներքո, և համայնքային բոլոր առանցքային ու ոչ առանցքային պաշտոններում, մինչև անգամ մաքրուհի աշխատելու համար Պապիկյանի «դաբրոն» է հարկավոր: Նրա ազգուտակն ու ծանոթ-բարեկամներն են ամենուր պաշտոններ զբաղեցնում։ Անգամ ՔՊ-ում են շոկի մեջ ընկել այդ արդյունքներից և Պապիկյանին ակնարկել են, որ զրո հեղինակություն ունի»։









