ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր ընդունել է մեր երկրում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիին:
Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հրաչյա Ռոստոմյանն ու դեսպանը քննարկել են աշնանը Երևանում կայանալիք ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոնի կազմակերպչական մի քանի հարցեր:
Էյջի Տագուչին շնորհակալություն է հայտնել ՀԱՕԿ գլխավոր քարտուղարին` կազմակերպչական աշխատանքներին աջակցելու համար: Նա տեղեկացրել է, որ փառատոնի շրջանակներում ցուցադրական ելույթներով հանդես են գալու Հայաստանի ձյուդոյի, կարատեի և այլ ճապոնական մարտարվեստների, մարզաձևերի ֆեդերացիաների մարզիկները, ինչպես նաև Ճապոնիայից հրավիրված վարպետներ.
«Ինչպես գիտենք, 2020 թվականին Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին առաջին անգամ մասնակցելու են նաև կարատեիստները: Վստահ եմ, որ փառատոնի շրջանակներում այս մարզաձևի ճապոնացի վարպետների կողմից անցկացվող վարպետության դասերը կօգնեն հայ կարատեիստներին՝ կատարալագործվել և հաջող հանդես գալ «Տոկիո-2020»-ում»,- ասել է Հրաչյա Ռոստոմյանը:
Ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոնը Հայաստանում կանցկացվի 2-րդ անգամ:









