Մարտի 15-ին «Շավիղ» կրթամշակութային նախաձեռնությունը երթ էր կազմակերպել` նշելու «Նեմեսիս» գործողության շրջանակներում Սողոմոն Թեհլերյանի վրիժառության 95-ամյակը: Երթի մասնակիցները Երևանի Հյուսիային պողոտայի կենտրոնական հատվածից, ժամը 19:21-ից (խմբ. պայմանավորված սպանության տարեթվով՝ 1921թ.) սկսած, երգել են Թեհլերյանին և այդ օրվան նվիրված «Գինի լի՛ց», ինչպես նաև այլ հայրենասիրական երգեր, պարել՝ ազգագրական պարեր, որին հաջորդել է երթը դեպի Հանրապետության հրապարակ և Մաշտոցի պողոտայով դեպի Ազատության հրապարակ:
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում 95 տարի առաջ՝ 1921 թվականի մարտի 15-ին հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանն սպանեց Հայոց Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկին՝ Թալեաթ փաշային՝ իրագործելով 1915, 1919–1920 թթ. Կոստանդնուպոլսում տեղի ունեցած երիտթուրք հանցագործների դատավարության վճիռը, ըստ որի հայերի տեղահանության ու եղեռնի գլխավոր կազմակերպիչները, այդ թվում՝ օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան հեռակա կարգով դատապարտվել էին մահապատժի: Դատավճիռը հեռակա էր, քանի որ հանցագործներն արդեն հասցրել էին ճողոպրել և ծպտված բնակվում էին աշխարհի տարբեր հատվածներում։ Հայոց «Նեմեսիսի» շրջանակներում մեր հերոս-վրիժառուների ձեռքով բոլորն անխտիր հայտնաբերվեցին ու սպանվեցին: 1921-ի մարտի 15-ի գործողությունից անմիջապես հետո Թեհլերյանը ոչ թե դիմեց փախուստի, այլև ինքնակամ հանձնվեց ոստիկանությանը: Դատավարության ընթացքում գերմանացի հասարակական գործիչ Յոհաննես Լեփսիուսը, որպես վկա, մերկացրել է երիտթուրքերին և նրանց պարագլուխներին: Դատավարությունը, ըստ էության, վերածվել է Թալեաթի և հայոց Մեծ Եղեռնի մյուս կազմակերպիչների դատի: Ի վերջո Բեռլինի դատարանն արդարացրել է 25-ամյա Սողոմոնին և հենց դատարանի դահլիճից ազատ արձակել, իսկ գերմանական մամուլը պահանջել է գործ հարուցել Թուրքիայում 1912–1915 թթ. Գերմանիայի դեսպան Հանս Վանգենհայմի դեմ՝ հայերի կոտորածների ժամանակ նրա հանցավոր լռության համար։
Vesti.am