«Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ազգությամբ թուրք օլիմպիական մրցավարն է այս սկանդալի գլխավոր հերոսը, ով ամեն անգամ փակում է մեր ըմբիշների ճանապարհը դեպի հաղթանակ: Ամեն ինչ նախապես ծրագրված էր և վրացի ըմբիշը դուրս էր եկել մրցագորգ միտումնավոր Արթուր Ալեքսանյանին նյարդայնացնելու: Իսկ գորգի անկյունում բախման կիզակետում մեզ հետ միասին նաև Արթուրի հայրն էր, ում վրա հարձակվել էին, իսկ Արթուրը թույլ չտալու համար այդ ամենը դուրս եկավ գորգից»,-այդ մասին sport.news.am-ի թղթակցի հետ զրույցում Թբիլիսիից պատմել է Երևանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Գևորգյանը:
Այս օրերին Վրաստանում ընթացող վրացի լեգենդար ըմբիշներ Վախթանգ Բալավաձեի և Գիվի Կարտոզիայի անվան մրցաշարում, հունիսի 10-ին Արթուր Ալեքսանյանի մասնակցությամբ եզրափակիչն ավարտվել էր սկանդալով:
«Ռիո-2016»-ի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 3 տպավորիչ հաղթանակ տանելուց հետո դուրս էր եկել եզրափակիչ, որի ընթացքում հայ ըմբիշի նկատմամբ անարդար մրցավարությունը հանդիսականների շրջանում բողոքի ալիք է բարձրացրել, ինչը վերածվել է վրացիների և հայերի միջև բախման: Արթուր Ալեքսանյանին որակազրկել են մրցագորգից դուրս գալու համար:
«Բողոքարկելու հնարավորություն մեզ չտվեցին: Այնպես էին ամեն ինչը կազմակերպել, որ չկարողացանք, չհասցրեցինք բողոքարկել: Գորգի մրցավարը վրացի էր, իսկ գլխավոր մրցավարը թուրք: Առաջին երկու միավորը վրացի ըմբիշին ուղղակի նվիրեցին, ոչ մի բան չարած և նույնիսկ պասիվ գոտեմարտ անցկացնելով՝ նրան երկու միավոր շռայլեցին: Վրացի ըմբիշը կյանքում ոչ մի բան չէր հաղթել, սովորական ըմբիշ է առանց բարձր տիտղոսների: Իրենք ուզում էին այնպես անել, որ իրենց ըմբիշը հաղթի և հատուկ պատրաստված դուրս էին եկել, որ նյարդայնացնեին Արթուրին:
Հանդիսականներն էլ, մեր երկրպագուները դահլիճ լցվեցին: Կռիվ ստեղծողները մրցաշարի անվտանգությունն էին և մրցավարները: Մեր կողմից կռվին միջամտել էին մեր մարզիչները, մարզիկները և տարբեր ազգերի ներկայացուցիչներ, ովքեր երկրպագում էին Արթուրին: Այս սկանդալի գլխավոր հերոսը թուրք մրցավարն էր, ով FILA-ի օլիմպիական մրցավար է և ամեն անգամ է Հայաստանի ճանապարհը փակում դեպի հաղթանակ:
Որակազրկումն ազդում է միայն այս մրցաշարի վրա: Հաջորդ տարի Արթուրը կարող է մասնակցել այս մրցաշարին: Կարևորն այն է, որ Արթուրը կռվի չի մասնակցել, ոչ մեկին չի հարվածել, չի հայհոյել, նա զուտ ցանկանում էր հանդարտեցնել, կանխել ծեծկռտուքը և թույլ չտալ, որ իր հորը և անձնական մարզիչին հարվածեն»,- ասաց Սամվել Գևորգյանը:
Մանրամասները՝ sport.news.am-ում:
https://www.youtube.com/watch?v=2dXjIUGqYq4Vesti.am









