Հայկական հոգեբանության ակադեմիան ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ հոգեբանական սեմինար է անցկացնում` «Մարզչական գործունեության հոգեբանական ասպեկտների կատարելագործումը» թեմայով: Սեմինարին մասնակցում են տարբեր մարզաձևերի մարզիչներ, հաղորդում է ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարարության լրատվական ծառայությունը:
Հայկական հոգեբանության ակադեմիայի գործադիր տնօրեն Բարեղամ Մնացականյանը նշեց, որ սեմինարը նպատակ ունի զարգացնել սպորտային հոգեբանությունը: Լրացնել այն բացը, որը կխթանի մարզիկների բարձր նվաճումները.
«Մարզիչներն օրվա գերակշիռ մասն անցկացնում են իրենց սաների հետ և գիտեն նրանց բոլոր ուժեղ ու թույլ կողմերը: Մարզիչները նաև հոգեբանի, ծնողի դեր են կատարում մարզիկի համար: Այդ պատճառով շատ կարևոր է, որ նրանք հոգեբանորեն վերապատրաստվեն»,- ասաց Բարեղամ Մնացականյանը:
Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանը նույնպես կարևորեց այս դասընթացի նշանակությունը.
«Պետք է անկեղծ ասեմ, որ սպորտային հոգեբանի ինստիտուտը մեր երկրում կայացած չէ: Հիմնականում մեր մարզիկների հոգեբանական պատրասվածությամբ նույնպես մարզիչներն են զբաղվում, քանի որ ոչ բոլոր հավաքականներում կան հոգեբաններ»,- նշեց Գաբրիել Ղազարյանը:
Սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչություն պետ Նարինե Շահբազյանը հույս հայտնեց, որ նմանատիպ միջոցառումները շարունակական կլինեն.
«Այսօր մեր մարզիկներից շատերը մրցումների ժամանակ հոգեբանական խնդիր են ունենում: Լինում է այնպիսի պահ, որ մարզիկը ֆիզիկապես պատրաստ է մրցաշարին, բայց հոգեբանորեն տանուլ է տալիս»,- ասաց Նարինե Շահբազյանը:
Դասընթացը կշարունակվի մինչև հունիսի 4-ը:









