Ապրիլի 27-ին, ՀՖՖ գրասենյակում կայացավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը: Նիստի ընթացքում քննության էին դրվել «Ալաշկերտ», «Շիրակ», «Փյունիկ», «Գանձասար-Կապան», «Բանանց» և «Արարատ» ակումբների արտոնագրային ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին «ՈւԵՖԱ»-ի արտոնագրերի համար: Այդ արտոնագրերը նրանց իրավունք են ընձեռում` մասնակցելու 2017/2018թթ. ՈւԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի խաղարկությանը` համապատասխան մարզական որակավորում ստանալու դեպքում: Այդ մասին հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից:
Նիստի ընթացքում քննության էին դրվել ակումբների ֆինանսական փաթեթները, որոնց հիման վրա Արտոնագրման բաժնի փորձագետներն անցկացրել էին համապատասխան ստուգումներ: Դրանց արդյունքները մանրամասնորեն ներկայացվեցին նիստի ընթացքում Արտոնագրման բաժնի աշխատակիցների կողմից: Հիմնվելով դրանց վրա` Արտոնագրման կոմիտեն կայացրեց որոշում «ՈւԵՖԱ»-ի արտոնագրեր շնորհել թեկնածու 6 ակումբներից 5-ին՝ «Ալաշկերտին», «Փյունիկին», «Գանձասար-Կապանին», «Բանանցին», «Արարատին»: «Շիրակ» ակումբին «ՈւԵՖԱ»-ի արտոնագիրը շնորհվեց պայմանականորեն՝ հաշվի առնելով ակումբի կողմից ՀՖՖ ակումբների արտոնագրման 2016 թվականի խմբագրության կանոնակարգի ֆինանսական չափանիշի խախտումները: Հաշվի առնելով վերոնշյալ խախտումների առկայությունը՝ ՀՖՖ Կարգապահական կոմիտեն, ՀՖՖ Արտոնագրման բաժնի միջնորդությամբ, նաև կարգապահական տույժի է ենթարկել «Շիրակ» ակումբին: