Foto

Մոսկվայում քննարկել են սփյուռքին ուղղված վարչապետի ուղերձը

Ռուսաստանի հայերի միության Մոսկվայի քաղաքային մասնաճյուղը մարտի 26-ին  կազմակերպել է համաժողով, որտեղ քննարկել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ սփյուռքին ուղղված ուղերձը:

Համաժողովի աշխատանքներին մասնկացել և իրենց տեսակետն են հայտնել Մոսկվայի հայկական համայնքի ականավոր ներկայացուցիչներ, մասնավորապես ՌՀՄ առաջին փոխնախագահ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Տեր-Ղազարյանցը, պաշտոնաթող գեներար-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, ՌԴ և Ուկրաինայի ժողովրդական նկարիչ, ՀՀ վաստակավոր նկարիչ, Լենինյան մրցանակի դափնեկիր Ֆրիդ Սողոյանը, տնտեսական գիտությունների դեկտոր, պրոֆեսոր  Սերգեյ Կալենջյանը,  Առնո Բաբաջանյանի միջազգային հիմնադրամիի նախագահ Արա Բաբաջանյանը, Մոսկվայի   արվեստի և գրողների միության միջազգային հիմնադրամի անդամ, հայտնի պոետ, գրող և նկարիչ  Նինա Գաբրիելյանը, կինոռեժիսոր, գրող և հրապարակախոս  Լևոն Գրիգորյանը և այլք:

ՌԴ-ում ՀՀ դեսպանատան կցորդ Կարեն Շաքարյանը նշել է, որ սա առաջին խոշոր միջոցառումն է,  որով համայնքն արձագանքում է ՀՀ վարչապետի կոչերին: Նա ներկաներին տեղեկացրել է, որ վարչապետի գլխավորությամբ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում՝ ներդրումների ներգրավմամբ Հայաստանի տնտեսությունն արագ տեմպերով զարգացնելու ուղղությամբ:

Շաքարյանը համայնքի անդամներին կոչ է արել ներդրումներով օժանդակել ՀՀ կառավարությանը, սերտ կապ պահպանել  ՌԴ-ում ՀՀ դեսպանատան և սփյուռքի նախարարության հետ՝ ներկայացնելով սեփական ծրագրերն ու առաջարկությունները:

Ռուսաստանի հայերի միության  Մոսկվայի քաղաքային  բաժանմունքի գործադիր կոմիտեի նախագահ Շահեն Պետրոսյանն իր խոսքում նշել է, որ հայկական համայնքը միշտ զգացել է հայրենիքի զարկերակը և կապը չի կտրել հայրենիքի հետ, բայց Կարեն Կարապետյանի կոչը նոր խթան կհանդիսանա սփյուռքի և Հայաստանի միջև համագործակցությունն ակտիվացնելու համար:

Ռուսաստանի հայերի միության առաջին փոխնախագահ Գեորգի Տեր-Ղազարյանցն իր խոսքում ընդգծել է ՀՀ վարչապետի կոչին արձագանքելու անհրաժեշտությունը ոչ թե խոսքով, ալ գործով և առաջարկել է չսահմանափակվել միայն մեկ հանդիպմամբ և նմանատիպ քննարկումները դարձնել պարբերական՝  համագործակցությունը իրական նախագծերի վերածելու նպատակով:

Vesti.am