Foto

Խաչատուր Սուքիասյանը՝ Բջնի գործարանը հետ վերադարձնելու մասին

Գործարար Խաչատուր Սուքիասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին՝ ճի՞շտ է, որ ցանկանում է հետ վերցնել Բջնի գործարանը: «Ես կարծում եմ, այդ հարցը տեղին չէ, որովհետև գործարանը խլվել է անօրինական, այդ գործարանը պետք է հետ վերադարձվի իրավական ճանապարհով: Ես կարծում եմ, նրանք իրավական ճանապարհով չեն վերցրել, այլ ամբողջը կեղծ փաստաթղթերով, ամեն ինչը կեղծ է: Դրանով զբաղվում են փաստաբանները, որոնք ժամանակին մեզ տեղեկացրել են: Դա շատ մեծ զայրույթ է: Այն, ինչ եղել է տարիներ շարունակ, այս ամեն ինչը, ինչ տեսնում եք այսօր, դրա հակառակի արդյունքն է»,- ասաց նա:

Անդրադառնալով կոռուպցիոն բացահայտումներին, Խաչատուր Սուքիասյանն ասաց, որ բացահայտումներ լինում են, բայց ամեն ինչ օրենքով պետք է լինի: «Երբ ես հիշում եմ Սաակաշվիլիի ժամանակահատվածը, 36 հազար սեփականության իրավունք էր խախտվել: Եթե մտածում եք, որ պետք է այդ նույն ճանապարհով գնան, ոչ, դա շատ սխալ ճանապարհ է:

Ճանապարհը միայն ու միայն պետք է լինի իրավական, ոչ թե կոշտ մեթոդներով: Եթե կոշտ մեթոդներով է, դա նշանակում է հին ավանդույթների շարունակություն: Իսկ այս պարագայում, ինչ 1.5 տարի է կա երկրում, նման գործողությունների մինչև անգամ փոքր բաղադրիչ չենք տեսել»,- ասաց Սուքիասյանը: