Այսօր մտա սուպերմարկետներից մեկն ու, երբ հասա կաթնամթերքի բաժին, տեսա, որ հավաքարարը հատակն է մաքրում ու հետն էլ երգում «Bésame mucho» հայտնի երգը, որ այդ պահին հնչում էր ողջ սուպերմարկետում: Նայեցի կնոջ կողմը և ապշեցի. իմ առջև տեսա հասակն առած մի գեղեցիկ կին, ազնվական տեսքով, բայց դե հավաքարարություն է անում: Երկար ապշած մնացի, քանի որ նա երգի իսպաներեն բառերը գիտեր ու ճիշտ ձևով երգում էր: Նայեց ինձ, ժպտաց ու ասաց. - Է՛հ, մեր սերնդի ամենահրաշալի երգն է, մեքսիկացի կին է գրել, այդ մի երգն է գրել, բայց բոլոր հռչակավոր երգիչ-երգչուհիները կատարել են...Հրաշալի երգ է, հրաշալի...դրա համար բոլոր բառերն անգիր եմ արել, բեսամե մուչիո՝ նշանակում է՝ համբուրիր ինձ,- ոգևորված, ջերմ ժպիտով բացատրեց ինձ՝ կիրթ, մաքուր հայերենով: Քիչ է ասել՝ ապշել էի...շշմել էի.... Հետո նա շարունակեց հատակը մաքրելով առաջ գնալ, իսկ ես տեղում մոռացա, թե ինչ պետք է գնեի: Նայում էի նրա ետևից ու մտածում՝ այս կինը, երևի, նախկինում կարգին աշխատանք է ունեցել, լավ մասնագետ է եղել, հարգանք ու հեղինակություն է վայելել, բայց հիմա ստիպված է հավաքարարություն անել, որպեսզի հանկարծ լիովին չընկնի թշվառության գիրկը... Դե, հիմա ամենուր պահանջարկ ունեն մինչեւ 30-35 տարեկան, բարետես արտաքինով երկարաոտն, շուրթերը լցրած, «վիզիվայուշչի» դատարկագլուխները (շեֆերի հանգստի սենյակի համար, էլի): Իսկ մի քիչ տարիքն առած, կիրթ, խելացի, բանիմաց մարդկանց համար գործելու, աշխատելու մի դաշտ են թողել՝ հավաքարարությունը...
Կիմա Եղիազարյանի ՖԲ էջից