-Ամբողջ մարդակության համար գոյություն ունի մեկ սկզբունք. «լավագույնը՝ երեխաներին,-այս մասին լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է «Հայաստանի սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը՝ անրադառնալով ամիսներ առաջ Արմավիրի մարզում իրար հետևից գրանցված երեխաների թունավորման դեպքերին, որոնք մեկ երեխայի մահվան պատճառ էին դարձել:
-40 երեխա տարբեր մանկապարտեզներից միաժամանակ հայտնվել էին հիվանդանոցում: Անցել է 8 ամիս: Մենք դիմել ենք ՀՀ վարչապետին, ՀՀ գլխավոր դատախազին և մնացած այլ մարմիններին: Պատասխանն իսկական զավեշտ է, դա պատասխան չէ,-ասել է Արմեն Պողոսյանը:
ՀՀ վարչապետին և ՀՀ գլխավոր դատախազին Պողոսյանը հարց էր հղել, թե ո՞վ է սերտիֆիկացրել այդ մանկապարտեզների խոհանոցների հանգույցները, ո՞ր կազմակերպությունը:
-Ես գիտեմ՝ ով է սերտիֆիկացրել, դա տեղի է ունեցել Արմավիրում, բայց մեզ անհրաժեշտ էր պատասխան, իսկ եկած պատասպանը հետևյալն էր՝ «Սերտիֆիկացում նախատեսված չէ»: Ուրեմն ցանկացած կիսաավազակային կազմակերպություն կարո՞ղ է գալ սերտիֆիկացում անցկացնել, թուղթը տալ, փողը վերցնել ու գնալ,-ասել է Արմեն Պողոսյանը:
Հանդիպման ընթացքում Պողոսյանը նշել է, որ այն սննդից, որը տրվում է երեխաներին, առանձնացվում է մեկ նմուշ, դրվում է սառնարան, կապարակնքվում և պահվում 3 օր՝ ապագայում լաբորատոր փորձաքննություն անցնելու նպատակով:
-ՀՀ վարչապետին և ՀՀ գլխավոր դատախազին հղած իմ 2-րդ հարցին՝ ո՞ւր է սննդի լաբորատոր փորձաքննության արդյունքը, եկել է հետևյալ պատասխանը ՝ ոչ թե 3 օր, այլ՝ 2,-ասել է Պողոսյանը:
Vesti.am