Եվրասիական տնտեսական միությունը Մոնղոլիայի համար, որպես Ռուսաստանի և Չինաստանի հետ սահմանային երկիր, մեծ հետաքրքրություն է ներկայացնում, eurasiancenter.ru-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանում Մոնղոլիայի դեսպան Բանզրագչ Դելգերմաան:
«Ինչպես գիտեք, ներկայումս աշխարհում տեղի են ունենում ինտեգրացիոն գործընթացներ, այդ իսկ պատճառով Մոնղոլիան, որը գտնվում է Ռուսաստանի և Չինաստանի պես հզոր պետությունների միջև, չունենալով ելք դեպի ծով, իհարկե, հետաքրքրված է միանալու որևէ տնտեսական դաշինքի: Այդ համատեքստում Եվրասիական տնտեսական միությունը մեզ համար բավականին մեծ հետաքրքրություն է ներկայացնում»,-ասել է դեսպանը:
Նա նաև հավելել է, որ ԵԱՏՄ-ին անդամագրվելու նպատակահարմարությունն ավելի վաղ քննարկել է Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, ով ներկայումս զբաղեցնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնը:
Vesti.am