Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը, խոսելով պետական բյուջեի մասին՝ ասել է, որ ծախսային մասով կրճատումներ են սպասվում, եկամուտների մասով՝ ավելացում:
-Մի կարևոր հանգամանք, որը նորույթ կարելի է համարել. պետական բյուջեի դեֆիցիտի ծածկման մեջ արտաքին և ներքին աղբյուրներն առաջին անգամ շատ են մոտեցել իրար, իսկ նախկինում գերակշռում էին արտաքին աղբյուրները,-ասել է բանախոսը՝ ընդգծելով, որ դրված է բավական զուսպ կանխատեսում՝ 3.2 տոկոս, ինչը՝ ըստ նրա հաղթահարելի է և իրատեսական: Նա միաժամանակ չի բացառել, որ եթե ոչ առաջին, ապա գոնե երկրորդ տարում երկնիշ տնտեսական աճ կգրանցվի:
Խոսելով կառավարության ծրագրից, տնտեսագետն առանձնացրել է առավել դրական կետերը: Նա կարևորել է այն, որ կառավարությունը երկրի գերագույն արժեք հանդիսացող քաղաքացու համար կարևորում է նաև արժանապատվությունը: Տնտեսագետն առանձնացրել է նաև տնտեսական անվտանգությունը, ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծումը, պետական կառավարման համակարգի օպտիմալացումը, պետական գնումների կանոնակարգումը, պետություն-մասնավոր հատված համագործակցությունը:
-Կարծում եմ՝ կառավարությանը և դրա ղեկավարի անկեղծությանը չհավատալու հիմքեր չունենք, ավելին՝ կարծում եմ, որ նոր մոտեցումների, նոր սկզբի ականատես ենք և հասարակությունը պետք է իր պարտքը համարի օգնել հաստատված հիմնադրույթների իրագործման հարցում,-նկատել է բանախոսը:
Տնտեսագետի գնահատականով՝ կառավարության ծրագիրն իրատեսական է, կան բավական լուրջ շեշտադրումներ և, եթե առաջիկա 6 ամիսների ընթացքում այդ նպատակներն իրականացվեն՝ արդարացված է նման կազմով կառավարության գործունեությունը և նրանց կարելի է վստահել ավելի երկար ժամանակահատված:
Vesti.am
Մանրամասները՝ Vesti.am-ի տեսանյութում։
https://www.youtube.com/watch?v=HF3VVMurgtk&feature=youtu.be [:]