Foto

«Հայաստանի արդյունաբերական պոտենցիալի ուժը չի կորել, այն ուղղակի մղված է հետին պլան». Վարդան Բոստանջյան

Հայաստանի այսօրվա արդյունաբերական ծավալները 1988 թ. համեմատ առնվազն 6-7 անգամ նվազել են: Այդ մասին օրեր առաջ ասել է ՀՀ հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը՝ հավելելով, որ պետք է վերականգնել Հայաստանի արդյունաբերության պոտենցիալը, որի համար պետք է արդյունաբերական քաղաքականությունը գերակա ուղղություն դարձնել: Թեմայի շուրջ Vesti.am-ը զրուցել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ:

-Ինչպե՞ս պետք է վերականգնել Հայաստանի արդյուանբերության պոտենցիալը:

-Ցանկացած երկրի հաջողություն մեծապես պայամանվորված է նրանով, թե այդ երկրում որքանով է արդյունաբերությունը զարգացած: Հայաստանի Հանրապետությունը ռադիոէլեկտրոնիկայի, էլեկտարտեխնիկայի, սարքաշինության, մալուխագործության և բազմաթիվ այլ ասպարեզներում աշխարհի 1/6-ում, իսկապես, ունեցել է շատ բարձր մակարդակ, իսկ այդ մակարդակը պայմանավորված է եղել ՀՀ պոտենցիալ ուժով: Մեր պոտենցիալ ուժն այժմ էլ չի կորել, այն ուղղակի մղված է հետին պլան:

Սովետական Միությունը հարուստ ու մեծ երկիր էր և արդյունաբերության զարգացման գործում նրա դերը կարևոր էր: Հասկանալի է, որ հիմա մենք այդ հնարավորությունները, միգուցե, չունենանք, բայց բազմաթիվ առումներով մենք կարող ենք մեր արդյունաբերությունը զարգացնել, հատկապես թեթև արդյուանբերությունը:

-Օրինակ՝ արդյունաբերական ո՞ր ճյուղերը կարող ենք զարգացնել:

-Մենք կարող ենք արդյունաբերական տիրույթից գոնե ընտրել այն, որտեղ մեր մրցակցային առավելությունները կարող են դրսևորվել: Մասնավորապես, Հայաստանը հիմա տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում բավական բարձր մակարդակի վրա է: Հայաստանի մասնագետներն այնպիսի մակարդակի են, որ զարգացած երկրները աննկատորեն մեր պոտենցիալը տանում են:

-Ըստ ձեզ՝ պետությունը ի՞նչ պետք է անի այդ հարցում:

-Պետք է պետական աջակցություն ցուցաբերվի, որը միայն փողի, հումքի ձևով չէ: Պետությունը պետք է տնտեսվարող սուբյեկտի, գործարար աշխարհի հետ գործընկեր լինի, ոչ թե հեռահար ստուգի, թե ինչ ունի գործարարը և ձեռքից վերցնի: Պետք է ուղղակի չխանգարել, ավելի ճիշտ, չխեղդել կոշիկ արտադրողին, գործվածք ստեղծողին և այլն:

-Նոր կառավարության հետ հույսեր կապո՞ւմ եք:

-Ի դեմս Կարեն Կարապետյանի ես հույսեր ունեմ նոր կառավարությունից: Տեսնելով նրա աշխատանքը, կարելի է գրեթե համոզված ասել, որ բիզնեսին աջակցություն կցուցաբերվի:

Vesti.am